Բրյուսելում քննարկումը հեշտ չի եղել, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը հեշտ չի եղել, բայց պետք է հետևողականորեն աշխատենք խաղաղության օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պետք է շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում։ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,- ասել է նա։

Փաշինյանի կարծիքով՝ անհրաժեշտ է օր առաջ տարածաշրջանում հաստատել տևական և համապարփակ խաղաղություն․ «Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»։

«Հանդիպումից չկան այլ մանրամասներ հաղորդելու համար, որովհետև, այն ինչը պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է։ Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության, քաղաքական ուժերի հետ, մենք դա անպայման կանենք»,- նշել է վարչապետը։

***

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Շառլ Միշելի կազմակերպմամբ՝ սա Փաշինյան-Ալիև չորրորդ հանդիպումն էր։

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին»,- հայտնել էին վարչապետի աշխատակազմից։

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Շառլ Միշելի գրասենյակը։

Մեկնաբանել