Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող խորհրդական Միքայել Արզումանյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արզումանյանն «անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Մասնավորապես, 2020-ի սեպտեմբերի 29-ին Միքայել Արզումանյանը (նա ՊԲ հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020-ի հոկտեմբերի 26-ին – խմբ․)՝ չունենալով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը ազատագրած ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով նրանց անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն, անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։

«2020-ի սեպտեմբերի 28-ին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ և վերահսկողության տակ է վերցվել հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Հակառակորդին մեծ կորուստներ է պատճառվել, մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Միքայել Արզումանյանը հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում: Ստորաբաժանումները հրաժարվել են կատարել «նահանջ» հրամանը։ Արզումանյանը, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը»,- ասված է մեղադրանքում։

Ըստ ՔԿ-ի՝ նահանջից հետո հակառակորդն առանց դիմադրության վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: Նշվում է նաև, որ 2020-ի հոկտեմբերի 3-ին և 5-ին հայկական ստորաբաժանումների կողմից բարձունքը հետ գրավելու հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ եղել են զոհեր և վիրավորներ:

***

Քննչական կոմիտեն Միքայել Արզումանյանի ձերբակալման մասին հայտարարել էր օգոստոսի 30-ին։ Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորելու համար։ Սեպտեմբերի 1-ին ՊԲ նախկին հրամանատարը կալավորվել է։