Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպման արդյունքները

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված հինգերորդ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այս հանդիպումը կայացել է բանակցային գործընթացում եռամսյա դադարից հետո: Ադրբեջանը, օգոստոսյան սրացման արդյունքում հասնելով իր նպատակներին, համաձայնել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Բրյուսելյան բանակցությունները տևել են չորս ժամից ավել: Հանդիպումից հետո հայկական կողմը հաղորդագրություն է տարածել, իսկ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ:

Շառլ Միշելի տարածած հայտարարությունն ու հանդիպման արդյունքների վերաբերյալ հայկական կողմի հրապարակած հաղորդագրությունը, ինչպես նաև դրանց համադրումը վերջին շրջանի զարգացումների հետ, հնարավորություն են տալիս պատկերացում ունենալ քննարկվող հարցերի բովանդակության ու բանակցային գործընթացում առկա տրամաբանության վերաբերյալ:

Շառլ Միշելի հայտարարության մեջ ուշադրության է արժանի այսպես կոչված խաղաղության պայմանագրին նվիրված պարբերությունը: Տեքստի այդ մասում նշվում է. «Այսօր մենք համաձայնեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»։

Այս պարբերության մեջ երկու հետաքրքրական հանգամանք կա: Առաջինն այն է, որ ի տարբերություն Շառլ Միշելի մայիսյան հայտարարության, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հատվածում և հայտարարության ամբողջ տեքստում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղն ու Ղարաբաղյան հակամարտությունը: Հատկանշական է նաև, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման խնդիրն ու «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը» տարանջատված են:

Հիշեցնենք, որ այս երկու հարցերը տարանջատելու անհրաժեշտության մասին դեռևս հուլիսի 29-ին հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Սա փաստացիորեն նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է վերջին կես տարվա ընթացքում որդեգրած այն դիրքորոշումից, որ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է ընկած լինեն Բաքվի առաջ քաշած 5 հայտնի սկզբունքներն ու հայկական կողմի առաջարկած 6 կետերը` այսպես կոչված 5+6 փաթեթը: Պաշտոնական Երևանը, ամենայն հավանականությամբ, համաձայնել է, որ խաղաղության պայմանագրի հիմքում լինելու են միայն ադրբեջանական սկզբունքները:

Երևանի այս որոշումը լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ: Եթե հայկական կողմին չհաջողվի ստորագրվելիք փաստաթղթի մեջ առանձին կետով արձանագրել, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ, և որ այդ խնդրի շուրջ առանձին բանակցություններ պետք է տեղի ունենան, Ադրբեջանը մասնակիորեն կամ ամբողջությամբ հասնելու է իր նպատակին և փակելու է Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ բոլոր քննարկումները: Հաշվի առնելով առկա ռազմաքաղաքական բալանսը հակամարտության գոտում և Երևանի անհետևողական ու ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը` չնչին հավանականություն գոյություն ունի, որ նմանատիպ շեշտադրումներով կետ կմտցվի ստորագրվելիք փաստաթղթի մեջ:

Միշելի հայտարարության` խաղաղության պայմանագրի վերաբերյալ պարբերության մյուս ուշագրավ կետը այն է, որ արտգործնախարարներին հանձնարարվել է հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա: Բրյուսելյան հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Բրյուսելում որոշում կկայացվի աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք կզբաղվեն խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստմամբ: Այդ առումով պետք է արձանագրել, որ Բաքվի այս ակնկալիքը ևս կյանքի կոչվեց Բրյուսելում:

Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները արդեն կմտնեն բովանդակային փուլ և տեղի կունենան արագացված տեմպերով:

Պատճառները երկուսն են. վերջին ամիսների ընթացքում այս գործընթացը խոչընդոտող գլխավոր հանգամանքը այն էր, որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ փաստաթղթի հիմքում ընկած սկզբունքների շուրջ: Այժմ, երբ Հայաստանը, կարծես թե, հրաժարվել է սեփական սկզբունքներից, այդ խոչընդոտը վերացել է: Երկրորդ պատճառը այն է, որ Բաքուն հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացներում առաջընթացը փոխկապակցում է հենց խաղաղության պայմանագրի օրակարգում առաջընթացի հետ: Այդ առումով Երևանը հավանաբար արդեն հակված է լինելու արագ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում:

Շառլ Միշելի հայտարարության մեջ Հայաստանի համար քիչ թե շատ դրական շեշտադրումը վերաբերում է հայ ռազմագերիների հարցին: Տեքստի մեջ, մասնավորապես, նշված է, որ Միշելը ընդգծել է կալանքի մեջ պահվող հայերի ազատ արձակման կարևորությունը։

Անշուշտ, կարևոր է, որ միջնորդները պարբերաբար հիշեցնում են Բաքվին հայ գերիների վերադարձի անհրաժեշտության մասին: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ Միշելը այդ հորդորը մտցրել է հայտարարության տեքստի մեջ, նշանակում է նաև, որ այս հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս հարցը օգտագործում է որպես լծակ և միայն Հայաստանի կողմից առարկայական զիջումների դեպքում է համաձայնելու վերադարձնել ռազմագերիների նոր խումբ:

Շառլ Միշելի հայտարարության մեջ մեկ այլ հետաքրքրական շեշտադրում կա: Տեքստում նշվում է, որ հրապարակային հայտարարությունները չափազանց կարևոր են և նման զգայուն իրավիճակում հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից: Այս շեշտադրումը հավանաբար արվել է՝ հաշվի առնելով նախորդ հանդիպման փորձը: Մայիսին տեղի ունեցած հանդիպումից ու Շառլ Միշելի հայտարարությունից հետո Իլհամ Ալիևը վերադարձել էր Ադրբեջան և աղավաղված կերպով մեկնաբանել հանդիպման արդյունքները: Դրանից հետո Միշելի խոսնակը ստիպված է եղել հանդես գալ նոր հայտարարությամբ և մի շարք պարզաբանումներ տալ:

Ամփոփելով բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ պետք է արձանագրել, որ այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Ադրբեջանի ու Հայաստանի միջև, դժվար է բանակցային գործընթաց անվանել: Սա ավելի շատ նման է ադրբեջանական պահանջների ու ակնկալիքների աստիճանական, բայց հետևողական իրագործման գործընթացի:

Մեկնաբանել