Խաշթառակ. 6-ամյա երեխայի մահից երկու տարի անց

Մինչև 2020-ի օգոստոսը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ Հակոբջանյանների տանը, երեխաների ձայներ էին, հիմա՝ լռություն։ 2020-ի օգոստոսին այս տանը մահացավ 6-ամյա Սերգեյը։ Ողբերգական այդ դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։

Դեպքի մասին հանրությունն իմացավ օգոստոսի 24-ին՝ քննչական կոմիտեի հաղորդագրությունից, ըստ որի՝ երեխաները պարբերաբար ծեծի էին ենթարկվել 57-ամյա պապու և նրա 28-ամյա դստեր կողմից։ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ կարմիր թելով անցնում էր նույն պնդումը՝ ծեծը տևական է եղել։

Երեխան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո:

«Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք», – հայտնել էին ԲԿ-ից։

2020-ի ողբերգական դեպքից երկու տարի անց այս տանը մնացել են միայն երեխաների տատն ու պապը, ինչպես նաև մահացած Սերգեյի հայրը։ Դեպքից որոշ ժամանակ անց մահացել է նաև Սերգեյի մայրը։ Այս տանը նրանց մասին հիշեցնում է միայն հուրասենյակում տեղադրված լուսանկարը։

Սերգեյի եղբայրը՝ Արտյոմը, դեպքից հետո խնամատար ընտանիք է տեղափոխվել։ Նա այժմ ապրում է Սյունիքում, մյուս երեխաներից երեքը Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղ»-ում են, երկուսը՝ Երևանի «Մանկան տանը»։

ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ակտիվ աշխատում են ընտանիքի հետ. «Երեխաների ընտանիք վերադարձնելու վերաբերյալ մենք քննարկումներ իրականացրել ենք, բայց դեռևս ընտանիքի հետ վերամիավորման հավանականությունը չի դիտարկվում»։

Քոչարյանը հայտնեց, որ երեխաները լավ վիճակում են, դժգոհություններ չունեն՝ ինչպես մանկատներից, այնպես էլ խնամատար ընտանիքից։ Նրանք Տավուշի մարզպետարանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են։

Հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։ Տավուշի մարզպետարանի իրավաբանը ներգրավված է գործում՝ որպես երեխայի օրինական ներկայացուցիչ. «Մոտ մեկ տարի առաջ են կողմերը հանդիպել, դեռևս գործը տարբեր վարույթներով է անցնում, վերջնական որոշում չկա»։

Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեխայի պապուն՝ Սամվել Հակոբջանյանին՝ առողջությանը ծանր վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։ Նրան կալանավորել էին։ Նաև մեղադրանք էր առաջադրվել նրա 28-ամյա դստերը։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Ներկայում երկուսն էլ ազատության մեջ են՝ մեկի դեպքում դատարանը փոխել է խափանման միջոցը, մյուսի՝ մերժել նախաքննական մարմնի՝ կալանավորելու միջնորդությունը։

Հակոբջանյանների ընտանիք մեր այցելության ընթացքում տանն էին երեխաների տատն ու պապը՝ Էմմա և Սամվել Հակոբջանյանները։ Նրանց հետ ապրում է նաև մահացած երեխայի հայրը՝ Անուշավան Հակոբջանյանը։

«Հմի դուք կարա՞ք մեր երեխին հետ բերեք, գոնե մեկին»,- հարցնում էր Սամվել Հակոբջանյանն, իսկ կինը նրան նախատում. «Ո՞նց կարան հետ բերեն, պետությունն է որոշել»։

Այս ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատ վիճակում, երեխաներն, ի դեպ, Սերգեյի մահից առաջ թունավորվել էին մկնդեղից։ Ըստ տատի՝ նրանք մկնդեղի ամանը «սխալմամբ բացել էին՝ մտածելով, որ շաքարավազ է, լցրել ձմերուկի վրա ու կերել»։

Սերգեյի մահից երկու տարի անց ընտանիքի սոցիալական վիճակում ոչ մի դրական փոփոխություն չի եղել։ Կենցաղային նվազագույն պայմաններ, առավել ևս երեխաներին պահելու, տանը բացակայում են։

Մինչ Սերգեյի մահը ընտանիքին ֆինանսապես օգնել են բոլորը՝ բարերարներից մինչև համայնքապետարան, բայց միաժամանակ բոլորը միայնակ են թողել նրանց ընտանեկան բռնության ոչ սովորական խնդրի հետ։ Հարևաններն ասում էին, որ երեխաներին հաճախ են հարվածում։ Խաշթառակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ներկայացուցիչը այցելությունների ընթացքում արձանագրել էր, որ տան սանիտարահիգենիկ պայմանները վատն են, նկատողություն արել, սակայն նրանք պատճառաբանել էին, թե չունեն միջոցներ։

Հակոբջանյանները պնդում են, որ երեխային չեն ծեծել, միայն Սամվել Հակոբջանյանի 28-ամյա դուստրն է հարվածել։ Նրանք առ այսօր վստահ են, որ երեխան մահացել է մկնդեղից։

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ։

Այս գործերով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 32-ը՝ մինչև 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր:

Ընտանեկան բռնության մասին մանրամասները՝ ՍիվիլՆեթի զեկույցում։

Loading...

Loading…

Մեկնաբանել