Բախում Չեչնիայի և Դաղստանի ոստիկանների միջև, որին արձագանքել է Կադիրովը 

Լուիզա Մչեդիշվիլի, OC Media

Դաղստանցի և չեչեն ոստիկանների միջև տեղի ունեցած բախման տեսանյութը արժանացել է Չեչնիայի ղեկավարի կտրուկ արձագանքին և հանգեցրել տեսանյութի հեղինակի հանրային ներողությանը։

Չեչենական իշխանամետ ինստագրամյան Chp_Checchnya օգտահաշվում հրապարակված տեսանյութում Դաղստանի ոստիկանությունը կանգնեցնում է միացված լուսային ազդանշաններով չեչենական ոստիկանական մեքենան։

Մեքենայի զննության ժամանակ լսվում է, թե ինչպես է ականատեսն ասում. «Ճիշտ եք անում, սատանաներն այստեղ չպիտի միացնեն իրենց ազդանշանները»։

Այնուհետև սկսվում է վիճաբանություն, որի ժամանակ չեչեն ոստիկանները բացատրում են, որ իրենք տուն են գնում և դաղստանցի ոստիկաններին «եղբայրներ» են անվանում։ Դաղստանցի ոստիկանը պատասխանում է. «Ուրեմն եղբոր պես պահե՛ք ու ձեզ հիմարի տեղ մի՛ դրեք»:

Չեչեն ոստիկաններից մեկը սկսում է չեչեներեն խոսել՝ պնդելով, որ փորձում է հասկանալ, թե արդյոք իրենց կանգնեցրած ոստիկաններից որևէ մեկը չեչեն է եղել։ Դաղստանցի ոստիկանը պահանջում է «հասկանալի լեզվով» խոսել։

Տեսանյութի նկարագրության մեջ ասվում է. «Դաղստանում նորից չեչենների հետևից են ընկել։ Եթե օրենք է խախտվել, գործե՛ք ըստ պաշտոնական կանոնակարգի։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսանյութին արձագանքել է դրա՝ Տելեգրամում հրապարակվելու օրը։ «Չեչնիայում մենք խիստ բացասաբար ենք վերաբերվում էթնիկ ատելություն հրահրելուն»,- ասել է նա։

«Ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր փորձում են չեչեն և դաղստանցի վարորդների միջև սադրանքներ բեմադրել… Չեչենական Հանրապետությունում նման դեպքեր (կանխակալության) չկան։ Եթե մեր ճանապարհներին որևէ մեկը տուգանվում է, ապա միայն երթևեկության կանոնների խախտման համար։ Ես ակնկալում եմ, որ Դաղստանում նման դեպքեր ևս չեն լինի։ Այս թեման չպիտի շարունակվի։ Կոնֆլիկտը լուծված է»,- գրել է Կադիրովը։

Նույն օրը Չեչնիայի իշխանամերձ օգտահաշիվներում սկսեցին տեսանյութեր հրապարակվել, որոնցում Դաղստանից եկած վարորդները հեռացնում են իրենց մեքենաների ապակիների մգեցված թաղանթները։

Համաձայն տելեգրամյան հակաիշխանական 1ADAT ալիքի՝ Ռամզան Կադիրովը հրամայել է արգելել դաղստանյան համարանիշերով մեքենաների մուտքը Չեչնիա, եթե դրանց ապակիները թաղանթապատ են։ Նրանց խոսքով՝ օրենքը չի կիրառվել այլ շրջաններից եկած մեքենաների նկատմամբ։

Օգոստոսի 31-ին Chp_Checchnya-ն հրապարակեց տեսանյութ, որում այդ իրավիճակը նկարահանած և դրա շուրջ մեկնաբանություն տված դաղստանցի տղամարդը հանրային ներողություն է խնդրում։

Մեկ ժամ հետո Կադիրովը տելեգրամյան իր ալիքում գրառում արեց՝ անդրադառնալով «երկու տարածաշրջանների միջև կապին ու հարուստ պատմությանը»։

«Կա մի իմաստուն խոսք, որ չարժե շիկացնել հասունացող կոնֆլիկտը, ու ավելի լավ է տարաձայնությունները լուծել մինչև կրքերը թեժանալը։ Ինձ միշտ հաճելի է տեսնել, թե ինչպես է անպատեհ քայլ արած մարդը ճիշտ ժամանակին անկեղծորեն ընդունում իր սխալը»։