Սալոմե Դոլիձե, OC Media
Ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը համընդհանուր մտահոգություն են դարձել ողջ աշխարհում: Բացառություն չէ նաև Վրաստանը, որտեղ համացանցից լրատվություն ստացող հանրության մեծամասնությունը մտահոգված է համացանցում կեղծ լուրերով:
«Կովկասյան բարոմետր 2021»-ը, որը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի կողմից տնային տնտեսություններում անցկացվող ամենամյա հետազոտություն է, ուսումնասիրել է Վրաստանում սոցիալական մեդիայի վերաբերյալ վերաբերմունքն ու վարքագծային մի շարք դրսևորումներ: Հարցվածների 27%-ը կարծում է, որ սոցիալական մեդիան բացասական ազդեցություն ունի երկրի վրա, 18%-ը՝ դրական, իսկ 42%-ը՝ չեզոք կամ խառը ազդեցություն:
Քառասուն տոկոսն այն հարցվածների, որոնք կարծում են, որ սոցիալական մեդիան բացասական ազդեցություն ունի, հիմնականում դա պայմանավորել է ապատեղեկատվությամբ։ Տվյալ հարցի վերաբերյալ այս պատասխանը ամենատարածվածն է։
Նույնկերպ, համացանցից օգտվողների կեսից ավելին (59%) անհանգստացած է վրացական առցանց տիրույթում առկա կեղծ տեղեկատվությամբ։ Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ խմբեր ավելի շատ են անհանգստացած կեղծ տեղեկատվությամբ։ Երեսունհինգ տարեկանից բարձր տարիքի մարդիկ ավելի միտված են ասելու, որ անհանգստացած են առցանց կեղծ տեղեկատվությամբ։ Գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց այս հարցն ավելի քիչ է անհանգստացնում։
Ուսումնասիրությունը պարզել է, որ սոցիալական և ժողովրդագրական այլ փոփոխականներ, ինչպիսիք են սեռը, կրթությունը, էթնիկ պատկանելությունը, զբաղվածության կարգավիճակը, հարստությունը և ընտանիքում երեխաների առկայության և վրացական առցանց տիրույթում կեղծ տեղեկատվության նկատմամբ վերաբերմունքի միջև կապ չկա:
Համացանցից օգտվող բնակչության կեսից ավելին ասել է, որ վերջին ժամանակներս համացանցում ապակողմնորոշիչ կամ կեղծ տեղեկություններ է նկատել COVID-19 համաճարակի (67%), ընտրությունների (64%) և, ընդհանուր առմամբ, Վրաստանի ներքին քաղաքականության (59%) մասին, մինչդեռ 43%-ը նույնն է ասել համաշխարհային քաղաքականության վերաբերյալ։
Ինչ վերաբերում է ապակողմնորոշիչ կամ կեղծ լուրերի տարածման պատճառներին, ապա հարցված վրացիների 43%-ը կարծում է, որ պատճառը մարդկանց շփոթեցնելն ու իրական խնդիրներից շեղելն է։ Հաջորդ ամենատարածված պատճառները եղել են քաղաքական օրակարգի կամ դիրքորոշման առաջխաղացումը (15%) կամ կոնկրետ բովանդակության ավելի շատ տարածումը (14%):
Թեև վրացիները գիտակցում են, որ ապատեղեկատվությունը խնդիր է, քչերն են ստուգում առցանց ստացած ինֆորմացիան: Յուրաքանչյուր հինգերորդը չի ստուգում, թե արդյոք այն ինֆորմացիան, որը կարդում է առցանց, ճշգրիտ է և հավաստի:
Համացանցից օգտվող բնակչության մոտ կեսը (53%) հավատում է այն ամենին, ինչ կարդում է ինտերնետում, բայց ինչ-որ կերպ դա ստուգում է: Հարցվածների մի մասն ասել է, որ ինֆորմացիան ստուգելու համար փնտրում է գրողի և/կամ հրատարակչի անունը (36%) կամ URL հասցեն (4%): Հարցվածների 12%-ը հարցնում է մեկին, ում վստահում է, և 1%-ը սոցիալական ցանցերում հրապարակում է անում պարզաբանումներ ստանալու համար:
Հարցվածների 14%-ը նշել է, որ հավատում է համացանցում առկա գրեթե ամեն ինչին, ընդ որում 8%-ն ասել է, որ հավատում է այն ամենին, ինչ կարդում է համացանցում, քանի որ այն հրապարակված է, իսկ 6%-ը կարծում է, որ համացանցում ամեն ինչ ճշգրիտ է:
Քչերն են թերահավատորեն վերաբերվում այն ամենին, ինչ կարդում են համացանցում: Ընդհանուր առմամբ, 8%-ն անտեսում է իր տեսած ինֆորմացիայի մեծ մասը, քանի որ կարծում է, որ դրա մեծ մասը կասկածելի է: Եվս 4%-ը կասկածի տակ է դնում իրեն հասանելի ողջ ինֆորմացիան, քանի որ թերահավատորեն է վերաբերվում համացանցում ամեն ինչին:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանում համացանցից օգտվող մարդկանց մեծ մասը անհանգստանում է համացանցում և սոցիալական ցանցերում կեղծ լուրերի տարածմամբ։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը չի ստուգում, թե արդյոք համացանցում ստացած ինֆորմացիան հավաստի է, թե ոչ:
Հոդվածում օգտագործված տվյալները հասանելի են այստեղ։ Հոդվածում օգտագործված ռեգրեսիոն վերլուծությունը ներառում է հետևյալ փոփոխականները. տարիքը (18-34, 35-54, 55+), սեռը (արական կամ իգական), բնակավայրի տեսակը (Թբիլիսի, այլ քաղաքային, գյուղական), կրթության մակարդակ (բարձրագույն կամ ոչ), Էթնիկ պատկանելությունը (էթնիկ վրացի կամ էթնիկ փոքրամասնություն), զբաղվածության կարգավիճակը (աշխատող կամ չաշխատող), երեխաներից կախվածության հարաբերակցությունը (տանը 18 տարեկան կամ դրանից ցածր մարդկանց մասնաբաժինը), հարստության ինդեքս (տվյալ տնային տնտեսությունում երկարատև օգտագործման ապրանքների սեփականության վերաբերյալ պարզ հավելյալ ինդեքս):