Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի ու Արցախի դեմ հերթական սադրանքի համար

nk

Դեժավյու՝ Փաշինյան – Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան – Ալիև – Միշել գագաթնաժողովից հետո տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դեժավյուի զգացողություն են առաջացնում: Վերջին շրջանում Ադրբեջանը հստակ շարադրել է սեփական ակնկալիքները բանակցային գործընթացից: Ըստ Ադրբեջանի՝ եթե Հայաստանը անկեղծ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր ձգտումներում, ապա պետք է հնարավորինս արագ ընդունի Ադրբեջանի երեք հիմնական պահանջները.

  • Արցախի պաշտպանության բանակի կազմալուծում,
  • Սյունիքի տարածքով Ադրբեջանից – Նախիջևան անցնող ճանապարհների տրամադրում առանց հայկական սահմանային և մաքսային վերահսկողության կամ Հայաստանից Արցախ գնացող ճանապարհին ադրբեջանական սահմանային ուղեկալների տեղակայման ընդունում,
  • Հայաստան – Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրում, որով Հայաստանը կճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս առանց որևէ կարգավիճակի կամ գուցեև մշակութային ինքնավարությամբ:

Ընդ որում, Ադրբեջանը ակնարկում է, որ եթե Հայաստանը հրաժարվի իրականացնել այդ պահանջները, ապա Ադրբեջանը կկիրառի զինված ուժ, կորուստներ կպատճառի Հայաստանին և կհարկադրի վերջինիս կատարել դրանք:

Ադրբեջանական այս ալգորիթմը հստակ աշխատեց 2022-ի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին: 2022-ի ամռան սկզբին և կեսերին Հայաստանի իշխանությունները հրապարակային հայտարարում էին, որ Հայաստանը ունի առնվազն մեկուկես տարի Բերձորի, Աղավնոյի և Սուսի ճակատագրով զբաղվելու և Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը կառուցելու համար: Այնուամենայնիվ, օգոստոսի 1-ին և օգոստոսի 3-ին Ադրբեջանի՝ զինված ուժի կիրառումից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները անմիջապես տեղի տվեցին և ընդունեցին Ադրբեջանի պահանջները:

Հարկ է նշել, որ հուլիսի վերջին տասնօրյակին Ադրբեջանը ակնհայտորեն հող էր նախապատրաստում զինված էսկալացիայի համար: Գրեթե ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր Հայաստանի և Արցախի տարածքից ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հետեվողականորեն հերքում էին այդ լուրերը և ադրբեջանական կողմին մեղադրում ապատեղեկատվության տարածման մեջ: Սակայն այդ հերքումները որևէ դեր չխաղացին ադրբեջանական ագրեսիան կասեցնելու գործում, և Ադրբեջանը օգոստոսի 3-ին իրականացրեց այսպես կոչված «վրեժխնդրության գործողություն»:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո մենք ականատես ենք լինում այս սցենարի կրկնությանը: Ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տարածում ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետևողականորեն հերքում է այդ պնդումները, իսկ Հայաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի դիրքերի գնդակոծությունների մասին հաղորդագրություններով Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի և Արցախի նկամամբ հերթական անգամ զինված ուժի կիրառման համար՝ վտսահ լինելով, որ դրանից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները շատ արագ կհայտարարեն Ադրբեջանի պահանջներն ընդունելու մասին:

Ի՞նչ է պատրաստվում անել հայկական կողմը

Եթե Ադրբեջանի քաղաքականությունը և նպատակները հստակ են, նույնը չի կարելի ասել Հայաստանի և Արցախի իշխանությունների մասին: Ակնհայտ է, որ գնդակոծությունների մասին հրապարակումները ապատեղեկատվություն որակելը և Ադրբեջանին խաղաղ գործընթացը տապալելու մեջ մեղադրելը որևէ կերպ չի կանխարգելելու Ադրբեջանի հերթական էսկալացիան: Անհասկանալի է, թե ադրբեջանական զինուժի հերթական ագրեսիվ գործողությունների պարագայում ինչ են պատրաստվում անել հայկական երկու պետությունների իշխանությունները: Եթե դրանից հետո նրանք կատարելու են Ադրբեջանի այս կամ այն պահանջը, ապա հարց է առաջանում՝ ինչու սպասել ռազմական էսկալացիայի:

Իհարկե, դա կարող է ունենալ թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական բացատրություն: Ներքաղաքական դաշտում հնարավոր է հայտարարել, որ իշխանությունները դեմ են նորանոր զիջումներին, սակայն հարկադրված են դրանք կատարել լայնածավալ պատերազմից կամ էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար: Արտաքին քաղաքական դաշտում Ադրբեջանի հերթական ռազմական էսկալացիան հնարավորություն կտա քաղաքական և փորձագիտական որոշակի շրջանակների ակտիվացնել Ռուսաստանի դեմ ուղղված քնադատությունը՝ նորից հայտարարելով ռուս-թուրք-ադրբեջանական գաղտնի պայմանավորվածությունների և Ռուսաստանի հակահայկական քաղաքականության մասին:

Հետաքրքիր է, որ սեպտեմբերի 3-ին հեռախոսազրույց տեղի ունեցավ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որի ընթացքոմ շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ կոորդինացված ջանքերի կարևորությունը: Հասկանալի է, որ միայն մամուլի հաղորդագրություններով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել քննարկման ընթացքի և թեմաների վերաբերյալ, սակայն կարծես թե Ռուսաստանը չի ցանկանում Հայաստան – Ադրբեջան սահմանին և շփման գծի երկայնքով նոր էսկալացիա տեսնել:

Ամենայն հավանականությամբ, այս խնդիրները կքննարկվեն սեպտեմբերի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպմանը: Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական յոթերորդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որի շրջանակում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպումը:

Անկախ սպասվող զարգացումներից՝ մեկ բան հստակ է՝ անհնար է կատարել նույն քայլերը և հույս ունենալ ստանալ տարբեր արդյունքներ: Եթե Հայաստանի և Արցախի իշխանությունները չեն ցանկանում կատարել Ադրբեջանի պահանջները, ապա անհրաժեշտ են շատ ավելի գործուն քայլեր, քան ադրբեջանական ապատեղեկատվության հերքումները, և բանակցային գործընթացը տապալելու Ադրբեջանին ուղղված քննադատությունները:

Մեկնաբանել