Կորոնավիրուսի ցուցանիշներն աճում են. թիրախում՝ մինչև 2 տարեկան երեխաներն ու 60-ից բարձր անձինք

Հայաստանում կորոնավիրուսային ցուցանիշներն, օգոստոսի սկզբից սկսած, կայուն աճում են: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է մոտ 23 տոկոս աճ: Ավելի վաղ այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր:

«Սա իրական պատկերը չէ, բոլորը չեն թեստավորվում: Այս պատկերը միայն թեստավորված բնակչության շրջանում է: Իրականում, վարակվածների թիվն ավելին է: Կորոնավիրուսային վարակի աճ գրանցվել է հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր տարիքային խմբերում: Առավել նկատելի աճ գրանցվել է մինչև 2 տարեկան երեխաների մոտ և 60-ից բարձր տարիքային խմբում»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի վրա իր ազդեցությունը թողել է զբոսաշրջային ակտիվությունը: Մարդկանց շարժը մեծացել է, շփումներն ընդլայնվել են, ինչն էլ իր ազդեցությունն է թողել համավարակի տեմպի վրա: Առաջիկայում կրկին ցուցանիշների աճ է սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական տարին մեկնարկել է, դասավանդողները, ուսանողները, աշակերտներն ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում: Մասնագետի կարծիքով՝ սեպտեմբերի 15-ից հետո կխոսվի վարակվածների ավելի մեծ թվերի մասին:

Մեկնաբանել