Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր հայտարարած «Քաղաքապետը» մոնո ներկայացման տոմսերն արդեն սպառվել են։ Այդ մասին տեղեկանում ենք տոմսերի վաճառքով զբաղվող «Տոմսարկղ» կայքից։ Ներկայացումը կայանալու է սեպտեմբերի 19-ին և 20-ին։
Մարությանն իր նոր ներկայացման մասին հաղորդեց սեպտեմբերի 5-ին։ Ներկայացման երկու օրվա համար արդեն վաճառվել է ավելի քան 1600 տոմս։ Տոմսերը սպառվել են մոտ երեք ժամում։ Ներկայացման անոնսից հասկանալի է դառնում, որ Մարությանի ներկայացումը քաղաքական ուղղվածություն ունի և ներկայացնելու է որպես քաղաքապետ իր պաշտոնավարումը։
Մարությանը պաշտոնանկությունից հետո լռություն է պահպանում և քաղաքական պլանների մասին հայտարարություններ չի արել։ Նոր ներկայացման մասին հայտարարությամբ Մարությանը խախտել է այդ լռությունը։
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետն էր 2018-ից, նա հեղափոխությունից հետո ձևավորած «Իմ քայլ»-ը դաշինքի առաջին համարն էր։ Երեք տարի անց, սակայն, Երևանի ավագանում իշխող «Իմ քայլը»-ի ավագանու անդամները սկսեցին Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, և վերջինս պաշտոնանկ արվեց։
Մարությանին մեղադրում էին քաղաքական թիմի գծից շեղվելու մեջ։ Ավագանու այդ նիստում Մարությանն այդ ամենն անվանեց հեղաշրջում, ներկայացրեց, թե ինչպես է իշխող «Իմ քայլը» խոչընդոտել իր գործունեությանն ու փորձել տապալել համայնքային ավտոբուսների ձեռքբերումը։