Արցախի կորսված ու մնացած ջրամբարները

Օֆելյա Սիմոնյան

Նախքան 44-օրյա պատերազմը Արցախում կար 24 ջրամբար, գրեթե ամբողջությամբ ապահովված էր Արցախի ջրային անվտանգությունը: Այժմ Ադրբեջանին է անցել ջրամբարներից 22-ը։ Ադրբեջանական տարբեր աղբյուրներ նշում են, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքների ընդհանուր ջրամատակարարումը կազմում է մոտ 2 մլրդ խմ: Սա կարևոր ձեռքբերում էր ադրբեջանցիների համար, քանի որ տարբեր կանխատեսումներով՝ մինչև 2050 նրանց ջրային ռեսուրսները նվազելու են 20%-ով՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով: 2020-ի տվյալներով՝ Ադրբեջանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն էր զբաղեցնում ջրի կորստի տոկոսով (28%) և ուներ ջրի լուրջ խնդիր:

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե ինչ ջրամբարներ կան Արցախում ներկայում, որ ջրամբարներն են պատերազմի արդյունքում անցել Ադրբեջանին։

Սարսանգի ջրամբարը՝ Դրմբոն գյուղի կողմից

Սարսանգի ջրամբար

Հայկական կողմին մնացած միակ խոշոր ջրամբարը Մարտակերտի շրջանում Սարսանգի ջրամբարն է, որը ամենամեծն է Հայաստանի և Արցախի տարածքում: Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը։ Ջրամբարը կառուցվել է 1970-ականներին՝ Թարթառ գետի միջին հոսանքում․ գետը սկիզբ է առնում Ադրբեջանին անցած Քարվաճառ շրջանից:

Շինարարությունը տևել է 10 տարի։ Ջրատարողունակությունը մոտ 600 մլն խմ է, ունի 126 մ բարձրությամբ ամբարտակ: Ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգետիկ նպատակով։ Այստեղ կա նաև ձկնաբուծություն․ 2021-ին 40 հազար մանրաձուկ է բաց թողնվել ջրամբար։

Հայկական կողմի պնդմամբ՝ ջրամբարը համատեղ օգտագործելու առաջարկներ շատ վաղուց եղել են, սակայն ադրբեջանցիները մերժել են դրանք։ Օրերս հայտնի դարձավ, որ ջրերի փոխշահավետ օգտագործման նպատակով ադրբեջանցի մասնագետները 2021-ից այցելելություններ են ունեցել Սարսանգի ջրամբար։ Բանն այն է, որ ջրամբարն Արցախի տարածքում է, ոռոգման ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի․ առանց համագործակցության որևէ կողմ չի կարող ոռոգել հողերը։ Էներգետիկ առումով Սարսանգն առանցքային նշանակություն ունի Արցախի համար, հատկապես Լաչինի միջանցքի արդեն նախկին ճանապարհի՝ Ադրբեջանին անցնելուց հետո, որտեղով են անցնում Հայաստանից Արցախ բարձր էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազատարն ու հաղորդակցային մալուխները։

Կորսված ջրամբարներ

Մատաղիսի ջրամբարը Սարսանգից հյուսիս-արևելք է՝ Թարթառ գետի վրա։ Ինչպես Սարսանգի ջրամբարը, սա ևս էներգետիկ նշանակության է: Շահագործման է հանձնվել 1976-ին։ Ինչպես Սարսանգի, այնպես էլ Մատաղիսի ջրամբարը շահագործում էր «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն։ Ըստ Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանի՝ Մատաղիսի ջրամբարի ընդհանուր ծավալը 5 մլն խմ է: 2012-ին Մատաղիսում շահագործման են հանձնվել «Մատաղիս-1» և «Մատաղիս-2» փոքր ՀԷԿ-երը: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս ջրամբարի վերակառուցումից հետո հնարավոր կլինի ոռոգել 96 000 հա տարածք։ Այժմ այն տնօրինում է Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն, որն Ադրբեջանի կառավարության վերահսկողության ներքո է։ Մատաղիսի ջրամբարը 2020-ի հոկտեմբերի 9-ին արդեն իսկ գրավված էր ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։

Մատաղիսի ջրամբարը, որը Ադրբեջանը զավթել է 2020-ի պատերազմում

Խաչենի ջրամբարը օգտագործվում էր ոռոգման նպատակով և իր տեսակի մեջ մեծությամբ առաջինն էր Արցախում։ Գեորգի Հայրիյանի խոսքով՝ ջրամբարի տարողությունը 22 մլն խմ է։ Կառուցվել է Խաչեն գետի վրա 1964-ին։ 44-օրյա պատերազմի արդյունքում այն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ 2022-ի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք կվերակառուցեն Խաչենի և իրենց վերահսկողության տակ անցած մյուս ջրամբարները։ Ըստ Ալիևի՝ այդ ջրամբարները թույլ կտան ոռոգել 10 000 հա տարածք։

Վարանդա գետի վրա երեք ջրամբար կա՝ Վարանդա-1, Վարանդա-2, Վարանդա-3՝ ընդհանուր 10 մլն խմ տարողությամբ։ Բոլորն էլ կառուցվել են խորհրդային տարիներին: Բոլորն էլ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո պատերազմի ընթացքում։

Վարանդա-1 գտնվում է ամենացածր նիշում և կուտակում մյուսներում չկուտակվող-դուրս եկող ջրերը: Վարանդա-2-ը առաջինի անմիջական հարևանությամբ է, սակայն հստակ տեղեկություններ դրա շահագործման վերաբերյալ մեզ չհաջողվեց գտնել։ Վարանդա-3-ը մոտ 3 մլն խմ ընդհանուր ծավալ ունի, ինչը հնարավորություն կտար ոռոգել 500-1000 հա հողատարածք։ Երկար տարիներ չի գործել, ջրընդունիչ, ջրթող համակարգերի հիմնական մասն ավերված էին։ 2015-ին նշվում էր, որ Ջրային տնտեսություն ՓԲԸ-ի պատվերով մեկնարկել են վերակառուցման աշխատանքները։ Այս ջրամբարը առաջին երկուսի պես կառուցվել է ԼՂԻՄ տարածքից դուրս՝ Ֆիզուլու շրջանում: Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարարի խոսքով՝ Վարանդա-1-ում և Վարանդա-2-ում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Ադրբեջանի պնդմամբ՝ երեք ջրամբարները միասին հանարավորություն կտան ոռոգել 6 200 հա տարածք։

Քաշաթաղի ջրամբարի և ՀԷԿ-ի կառուցման մասին հայտնի դարձավ 2015-ին։ Այն կառուցվելու էր Հագարի և Աղավնո գետերի միախառնման տեղում՝ սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշի նախաձեռնությամբ և ներդրումով։

Սարսանգի ջրամբարից հետո Արցախում այն մեծությամբ երկրորդը պետք է լիներ։ Նախագծող, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ղեկավար Յուրի Ջավադյանը ծրագրի մեկնարկին հայտնել էր, որ 12 մլն խմ ծավալով ավազանի պատվարն ունենալու է 40մ բարձրություն։ Շինարարությունը, սակայն, այդպես էլ անավարտ մնաց։ Պատերազմի արդյունքում այդ տարածքը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողությանը։

Խուդաֆերին և Գիզ Գալասի

Խուդաֆերինի ջրամբարը սկսել է կառուցվել 1988-ին՝ Իրանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանին՝ Արաքս գետի վրա։ Ինչպես գրում է լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ շինարարության պայմանագիր էր կնքվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև: Սովետական միության փլուզումից հետո շինարարությունը պետք է տարվեր Ադրբեջանի և Իրանի միջև, սակայն սկսեց պատերազմը, այդ տարածքն անցավ Արցախի ազդեցության տակ։ Չնայած ադրբեջանական կողմի դժգոհություններին՝ ջրամբարի շինարարությունը շարունակվեց նաև այդ ժամանակ։ Կառուցման աշխատանքները կատարում էին իրանցիները, այդ և շահագործման հետ կապված հարցերը ընթացել են գաղտնի պայմանններում։ Այն, որ շինարարական աշխատանքներ են տեղի ունեցել, հնարավոր էր իմանալ արտահոսած լուսանկարներից և արբանյակային պատկերներից։ Փաստացի՝ Իրանը Արցախի հետ համատեղ ծրագիր է իրականցրել նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ վարչականորեն Խորհրդային Ադրբեջանի մաս համարվող տարածքներում:

Խուդեֆերինի ջրամբարը

Խուդաֆերինի ջրամբարը ադրբեջանական վերահսկողությանն անցավ 2020-ի հոկտեմբերին։ Առաջին անգամ այդ մասին հայտարարվեց հոկտեմբերի 20-ին։

Բացի Խուդաֆերինից՝ ադրբեջանական կողմը խոսում է գրավված ևս մեկ ջրամբարի՝ «Գիզ Գալասի» մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Խուդաֆերինի հետ Գիզ Գալասին ամենախոշոր հիդրոհանգույցն է Ադրբեջանի վերահսկությանն անցած տարածքներում։ Այս մասին տեղեկություններն առհասարակ շատ քիչ են։ Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ այն ունի 80 ՄՎտ հզորություն, կառուցման հատկացումներն էլ կատարվել են Խուդաֆերինի ջրամբարի հետ միաժամանակ։ Խուդաֆերինի ջրամբարից մոտ 10 կմ հեռավորության վրա արբանյակային պատկերների միջոցով մեզ հաջողվեց ֆիքսել Գիզ գալասի ջրամբարը ևս (կորդինատներ՝ 39.180665, 47.032357): Google earth-ի միջոցով տեսնում ենք, որ շինարարությունն այնտեղ 2018-ին արդեն մեկնարկել էր։

Գիզ Գալասին ամենախոշոր հիդրոհանգույցն է Ադրբեջանի վերահսկությանն անցած տարածքներում

Ջրամբարների շահագործման վերաբերյալ 2020-ի դեկտեմբերին քննարկում է տեղի ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի և Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաևի միջև։ Ադրբեջանը պատրաստվում է ՀԷԿ-եր կառուցել ջրամբարների վրա։
Ջրամբարներից բացի՝ Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է շուրջ 95 հազար հեկտար վարելահող, որում կատարվում էր ավելի քան 70 հազար հեկտար ցանքս։ Սա կազմում է Արցախի հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսը։ Ջրամբարների կորուստը ինչ-որ չափով կարող է մեղմել Պատարա գետի վրա կառուցվելիք Պատարայի ջրամբարը՝ 6 մլն խմ տարողությամբ և 15 մլդ դրամ արժողությամբ։ Այն կունենա կենցաղային ջրամատակակարման և գյուղատնտեսական նշանակություն։ Կառուցվում է Արցախի ջրային կոմիտեի պատվերով, լինելու է անկախ Արցախի պատմության ամենախոշոր հիդրոկառույցներից։ Արցախի ջրային կոմիտեի նախագահի խոսքով, մայրաքաղաք Ստեփանակերտին և խողովակաշարին կից գյուղերին այս տարի արդեն ջրամբարի միջոցով խմելու ջուր է մատակարարվում։

Այս տարի պետական աջակցությամբ վերանորոգվեց նաև Հիլիսի ջրամբարը, որը քանդվել էր 2007 թվականին։ 3 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ամբարտակի փլուզման պատճառով ոչնչացվել էին բնակելի տներ ու խաղողի այգիներ, մահացել էր մեկ մարդ։ Այժմ հարակից Նորագյուղ համայնքը կրկին ոռոգվում է:

Պատերազմից հետո Ադրբեջանին են անցել Արցախի 36 հէկերից 30-ը։ Դեռևս 2021 թվականին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախում 17,6 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կկառուցվի՝ 25 մլն դոլար արժողությամբ: Նման հզորությամբ ՀԷԿ-ը թերևս ամենահզորը կլինի Արցախում։ «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Մարտակերտի Գետավան համայնքից բացի, Արայիկ Հարությունյանը խոսել է մեկ այլ՝ ավելի ծախսատար ու խոշոր ՀԷԿ-ի մասին, որը պլանավորված, բայց ժամանակավորապես հետաձգված նախագիծ է: Այն պետք է գործի Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ 25 Մվտ հզորությամբ և 40-45 մլն դոլար ներդրումային ծավալով:

Մեկնաբանել