Արցախի խորհրդարանի 24 պատգամավորներ դիմել են Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ և անձնական երաշխավորություն են հայտնել։
Միջնորդությունը ստորագրած պատգամավորները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ մինչդատական վարույթում հանդես գալու որպես Արզումանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու երաշխավորներ։
Գեներալ Արզումանյանի համար անձնական երաշխավորություն է հայտնել նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը։
Միքայել Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին, Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում «անփույթ վերաբերմունք դրսևորելու համար»։ Ավելի ուշ Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով և պատերազմի ժամանակ «Արեգա» բարձունքից զորքերին նահանջի հրաման արձակելու համար։