Բաքուն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Բաքուն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը»,- հայտարարում են ՊՆ-ից։

Շեշտվում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը», – ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել