Ո՞վ է մեղավոր Վրաստանի՝ ԵՄ թեկնածության գործընթացի ձախողման համար

«Տուն` դեպի Եվրոպա» խորագրով ցույց Թբիլիսիում, 20 հունիսի, 2022 թ․: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Դավիթ Սիչինավա, Մախարե Աչաիձե, Նինո Զուբաշվիլին OC Media

Մինչ վրացի պաշտոնյաներն էլ ավելի են կոշտացնում իրենց հակաարևմտյան հռետորաբանությունը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի վերջին տվյալները ցույց են տալիս, որ վրացիների մեծամասնության մոտ անորոշություն է առ այն, թե ով է մեղավոր Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը ձախողելու համար:

2022 թ․ հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց Վրաստանին չտրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի։ Հրապարակված հուշագրում Հանձնաժողովն ընդունեց, որ երկիրը «եվրոպական հեռանկար» ունի՝ միաժամանակ մատնանշելով խնդիրների ընդարձակ ցանկը, որը Վրաստանը պետք է լուծի նախքան իր թեկնածության հայտի վերանայումը։

Բրյուսելում ԵՄ պաշտոնյաներն ավելի ուշ բացատրեցին, որ ԵՄ-ն «2023 թ․ ինչ-որ պահի» կվերադառնա Վրաստանի թեկնածության կարգավիճակի քննարկմանը, իսկ մինչ այդ երկիրը, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, պետք է իրականացնի բարեփոխումներ՝ վերացնի քաղաքական բևեռացումը, բարեփոխի դատական համակարգն ու վերացնի օլիգարխիան։

Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետո Թբիլիսին վերածվեց զանգվածային ցույցերի էպիկենտրոնի, ցույցերին տասնյակ հազարավոր հիասթափված քաղաքացիներ էին մասնակցում էին։ Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությանը մեղադրում էին անգործության համար։ Շատերը պնդում էին, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միտումնավոր է տապալել ԵՄ անդամակցության թեկնածության բանակցությունները:

Հայտարարությանն ընդառաջ Վրաստանի գործողությունները կասկածի տակ դրեցին երկրի անդամակցության հայտը. երկրի քաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ակնարկեցին, որ իրենք «ամեն ինչ կասեն», եթե Եվրամիությունը «անարդար» որոշում կայացնի երկրի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակի հարցում։

Մյուս կողմից, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կոպտորեն հայտարարեց, որ եթե Վրաստանը պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ, ապա «մինչև դեկտեմբեր նրան երաշխավորված կլինի ԵՄ թեկնածուի կարգավիճակը»։ Կրակի վրա յուղ լցրեց իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը․ այն ցուցադրեց մի հարցում, որում քաղաքացիներին հարց էր տրվում, թե ինչ պետք է անի Վրաստանը, եթե Արևմուտքը խնդրի ներգրավվել Ռուսաստանի դեմ պատերազմում: Զարմանալի չէ, որ մեծամասնությունն ասում էր, որ Վրաստանը պետք է մերժի նման առաջարկը։

Հիմա, երբ էմոցիաները հանդարտվել են, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի կողմից համապարփակ հարցումը հստակություն է մտցրել այն հարցում, թե ինչպես են վրացիները վերաբերվում ԵՄ թեկնածության կարգավիճակի վերաբերյալ հակասություններին: Հուլիսի վերջին անցկացված հարցումը ցույց է տալիս, որ վրացիների մեծ մասը մերժում է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական գործիչների այն պնդումները, թե երկրի ԵՄ անդամակցության կարգավիճակը ինչ-որ կերպ պայմանավորված էր Ռուսաստանի դեմ պատերազմին Վրաստանի մասնակցությամբ:

Հակառակը, մարդիկ հակված են մեղադրելու կառավարությանը անգործության, երկրում առկա բևեռացվածության համար, ինչպես նաև երկրին՝ ԵՄ անդամակցության պահանջները պարզապես չբավարարելու համար: Եվս մեկ բավականին մտահոգիչ միտում ցույց է տալիս փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի տեղաշարժ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության աջակցության հարցում:

Ո՞վ է մեղավոր

Ընդհանուր առմամբ, հարցված վրացիների երեք քառորդը (76%) տեղյակ է, որ ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տրամադրել: Նրանց, ովքեր գիտեին այդ մասին, հարց է տրվել, թե որն է իրենց կարծիքով Եվրահանձնաժողովի որոշման հիմնական պատճառը: Մեկ երրորդը (30%) վստահ չի եղել, որ գիտի պատասխանը: Մոտ մեկ հինգերորդը (18%) մեղադրել է վրացական կառավարությանը՝ իր անգործության համար, 14%-ը դա պայմանավորել է երկրում քաղաքական բևեռացվածությամբ, ևս 14%-ն ասել է, թե պատճառն այն է, որ Վրաստանը չի կատարել անդամակցության համար սահմանված պահանջները։

Հարցվածների 8%-ը կարծում է, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տրվել ընդդիմության միջամտության և սաբոտաժի պատճառով: Ավելի քիչ մասն (4%) ասել է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Վրաստանը չի ներգրավվել Ռուսաստանի դեմ պատերազմում, 3%-ը մեղադրել է Ռուսաստանի կառավարությանը: Մոտ 1%-ը նշել է այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են՝ կառավարությունը չի կատարում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը, կամ ԵՄ-ին պետք չէ Վրաստանը, Բիձինա Իվանիշվիլիի ենթադրյալ ստվերային իշխանությունը, նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բանտարկումը և Վրաստանի նկատմամբ Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը։ Մոտ 5%-ը նշել է այլ տարբերակներ կամ հրաժարվել է պատասխանել:

Արդյո՞ք հասարակությունը հավատում է, որ Արևմուտքը Վրաստանին խնդրել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ

Ոչ, վրացիների մեծամասնությունը չի կարծում, որ ԵՄ-ի թեկնածության հայտը կախված էր նրանից, թե արդյոք Վրաստանը պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ։ Հարցվողները նախապես տեղեկացվել են, որ որոշ վրացի քաղաքական գործիչներ պնդում են, թե Վրաստանը կդառնա ԵՄ թեկնածու միայն այն դեպքում, եթե երկիրը պատերազմ մղի Ռուսաստանի դեմ կամ բացի «երկրորդ ճակատը»:

Այնուհետև նրանց հարցրել են, թե ճի՞շտ է արդյոք, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրվի միայն պատերազմի մեջ ներգրավվելու դեպքում: Վրացիների 60%-ն ասել է, որ այս պնդումը կա՛մ ընդհանրապես, կա՛մ հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Վեց հարցվածից միայն մեկն է (17%) հավատում, որ պնդումը հիմնականում կամ բացարձակապես ճիշտ է: Կարևոր է նաև այն, որ գրեթե մեկ քառորդը (23%) վստահ չի եղել, իսկ ևս 1%-ը հրաժարվել է պատասխանել:

Կուսակցականությունը, բնակության վայրը, էթնիկ պատկանելությունը, հարստությունը և կրթությունը կանխատեսում են, թե արդյոք որևէ մեկը հավատում կամ չի հավատում այս հայտարարությանը: Թեև քաղաքական սպեկտրի մեծամասնությունն ասել է, որ կեղծ է հայտարարությունը, թե Վրաստանը կստանար թեկնածուի կարգավիճակ, եթե պատերազմի մեջ լիներ Ռուսաստանի դեմ, այդուհանդերձ, «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների մոտ մեկ քառորդը հավատում է հայտարարությանը: Ընդդիմության կողմնակիցների գրեթե երկու երրորդը և նրանք, ովքեր ասում են, որ ոչ մի կուսակցության գաղափարախոսություն մոտ չէ իրենց տեսակետներին, ասել են, որ այդ հայտարարությունը կեղծ է։ Հարցվածների ավելի քան մեկ երրորդը, որոնք չգիտեն կամ հրաժարվում են հայտարարել իրենց քաղաքական նախապատվությունները, երկիմաստ են արտահայտվել առ այն, թե արդյոք վերոհիշյալ հայտարարությունը ճշմարիտ է, թե կեղծ։

Երկիմաստությունը գերակշռում է էթնիկ փոքրամասնությունների և սոցիալ-տնտեսական ավելի ցածր դիրք ունեցողների շրջանում: Հատկանշական է, որ այն նաև նվազում է հարստության աճի հետ մեկտեղ. նրանք, ովքեր առավել ապահովված են, նաև ամենաբևեռացվածն են, երբ գնահատում են, թե արդյոք պատերազմին Վրաստանի մասնակցության մասին հայտարարությունները ճիշտ են, թե ոչ:

Հիմա՞ դեպի ուր

Եվրահանձնաժողովը Վրաստանին է փոխանցել առաջնահերթ անելիքների ընդարձակ ցանկը, որոնք ակնկալում է, որ երկիրը կատարի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Հարցումը ցույց է տալիս, որ վրացիների մեծ մասը թերահավատ է, որ կառավարությունը կկարողանա իրականացնել ԵՄ-ի պահանջած անհրաժեշտ բարեփոխումները:

Հարցին, թե արդյոք իրենք ակնկալում են, որ Վրաստանի կառավարությունը կկատարի բարեփոխումները, մեծամասնությունն (45%) ասել է, որ չի ակնկալում, որ դա տեղի կունենա, ընդ որում 17%-ն ասել է, թե չի ակնկալում, որ բարեփոխումների հարցում առաջընթաց կլինի, իսկ 29%-ը կարծում է, որ ավելի շուտ անսպասելի է, քան սպասելի, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։

Համեմատության համար նշենք, որ 29%-ն ակնկալում է, որ Վրաստանի կառավարությունը կկատարի ԵՄ-ի հանձնարարականները, մոտ մեկ քառորդը կարծում է, որ ավելի շատ սպասելի է, քան անսպասելի, որ կառավարությունը կիրականացնի բարեփոխումները, իսկ 4%-ը կարծում է, որ լիովին սպասելի է, որ կառավարությունը կկատարի անհրաժեշտ բարեփոխումները ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրացիների մեկ քառորդը վստահ չէ (25%) այս հարցում։

Քաղաքացիական հասարակության մի շարք ակտիվիստներ առաջարկել են, որ բարեփոխումների իրականացումը վերահսկի տեխնոկրատ կառավարությունը: Հարցին, թե արդյոք նրանք հավանություն կտան տեխնոկրատ կառավարության ստեղծմանը, որի նպատակ կլինի իրականացնել ԵՄ թեկնածության չափանիշները բավարարելու համար անհրաժեշտ բարեփոխումները, մեծամասնությունն (42%) ասել է, որ հավանություն չի տա, 29%-ը հավանություն է տվել: Ավելի քան մեկ քառորդը (26%) չի կողմնորոշվել այս հարցում։

Ո՞վ է օլիգարխը

ԵՄ-ի կողմից Վրաստանի առաջ դրված պայմաններից է ««ապաօլիգարխացման» պարտավորության իրականացումը»՝ վերացնելով մասնավոր շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում»:

Թեև ԵՄ-ի այդ կարծիքը վերջնական պատասխան չէր տալիս հարցին, թե ում է հանձնաժողովը համարում օլիգարխ, վրացի պաշտոնյաներն արագ գտնվեցին իրենց արձագանքներում։ Հուլիսի 12-ի իր ֆեյսբուքյան գրառմամբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կատաղի կերպով քննադատեց այն ենթադրությանը, թե «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեռ ղեկավարում է երկիրը:

Ղարիբաշվիլին նույնիսկ նամակ գրեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որում նրան խնդրում էր հեռու մնալ Եվրախորհրդարանի բանաձևից, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանն իր հետազոտությունում քաղաքացիներին հարցրել է, թե ում է, ըստ հանրության, ԵՄ-ն օլիգարխ համարում իր հայտարարությունում։ Հատկանշական է, որ կեսից ավելին ասել է, որ չգիտի, թե ում է ակնարկում Եվրահանձնաժողովը։ Կոնկրետ պատասխան ունեցող հարցվածների մեկ երրորդը (35%) ասել է, որ Իվանիշվիլիին է համարում խնդրո առարկա օլիգարխը։ Քչերը (3%) են նշել ներկայումս բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կամ գործարար և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի անունները: Եվս 2%-ը նշել է TBC բանկի և «Լելո» կուսակցության համահիմնադիր Մամուկա Խազարաձեին կամ Վանո Չխարտիշվիլիին, որը Շևարդնաձեի ժամանակաշրջանի գործարար է և ենթադրաբար մեծ ազդեցություն է ունեցել Իվանիշվիլիի օրոք։

Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր աջակցում են «Վրացական երազանքին» (51%), անկուսակցականներին (55%) և նրանք, ովքեր չգիտեն, թե որ կուսակցության գաղափարախոսությունն է առավել մոտ իրենց տեսակետներին (62%), ավելի միտված են եղել ասելու, որ չեն կողմնորոշվում այս հարցում։ Մինչդեռ ընդդիմության կողմնակիցների մեծամասնությունը (60%) կարծում է, որ ԵՄ-ն առանձնացնում էր հենց Իվանիշվիլիին։

Արդյո՞ք եվրոսկեպտիցիզմը տարածվում է վրացիների շրջանում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի համապարփակ հետազոտությունը ցույց է տալիս, որ վրացիների մեծ մասը (68%) դեռևս կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը ամբողջությամբ (53%) կամ մասնակի (15%): Սա մի փոքր ավելի քիչ է, թեև դեռ, ընդհանուր առմամբ, համեմատելի է նախկինում արված հետազոտություններում աջակցության վերաբերյալ նախկին մակարդակների հետ: 2020 թ․ Կովկասյան բարոմետրը ցույց տվեց, որ հինգ տոկոսային կետով (73%) ավելի շատ մարդ է ամբողջական կամ մասնակի աջակցություն հայտնել ԵՄ անդամակցությանը։

2022 թ․ մարտի կեսերին անցկացված նմանատիպ հետազոտության արդյունքներով ԵՄ աջակցության ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է եղել՝ 75%, այսինքն՝ յոթ կետով նվազել է հինգ ամսում: Այնուամենայնիվ, այս տվյալին պետք է որոշակի զգուշությամբ վերաբերվել՝ հաշվի առնելով, որ հարցումներում տարբեր հարցեր են ներառված եղել, որոնք իրենց հերթին կարող են մեղմել կամ չափազանցել աջակցության ցուցանիշը:

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության աջակցության ցուցանիշի նվազումը, ըստ երևույթին, պայմանավորված է «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների հայացքների փոփոխությամբ: 2020 թ․ Կովկասյան բարոմետրի անցկացրած հետազոտության ժամանակ «Վրացական երազանք»-ի կողմնակիցները ութ տոկոսային կետով ավելի են աջակցել ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը՝ ի տարբերություն 2022 թ․ հուլիսի հետազոտության (68%):

Վրաստանում շատերը վախենում են, որ ԵՄ-ի թեկնածության շուրջ հակասությունները կարող են խաթարել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրային աջակցությունը: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի հարցումը բավականին բարդ պատկեր է ներկայացնում: ԵՄ աջակցությունը բարձր է, և մեծամասնությունը համաձայն չէ անհիմն պնդումների հետ, թե Արևմուտքը Վրաստանին ներքաշում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Այնուամենայնիվ, հարցման արդյունքները հուշում են, որ որոշ վրացիներ, հատկապես «Վրացական երազանք»-ի կողմնակիցները, կարող են կասկածի տակ դնել ԵՄ-ին իրենց աջակցությունը: Մնում է պարզել, թե արդյոք սա հանրային կարծիքի իրական փոփոխության սկիզբն է, թե վիճակագրական շեղում:

Հոդվածը գրել են Դավիթ Սիչինավան, Մախարե Աչաիձեն և Նինո Զուբաշվիլին։ Հոդվածում արտահայտված տեսակետները արտացոլում են միայն հեղինակների տեսակետները և պարտադիր չէ, որ համընկնեն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի կամ որևէ այլ հարակից կազմակերպության տեսակետների հետ: Խմբերի միջև տարբերությունները բացահայտվում են ռեգրեսիոն մոդելների միջոցով: Կլորացման պատճառով ներկայացված թվերի սխալականությունը կարող է չհասնել 100-ի: Վերը նշված վերլուծության պատճենման կոդը հասանելի է այստեղ: Սյունակների և տողերի տվյալներն ու խաչաձև աղյուսակները հասանելի են այստեղ: