Ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը այցելում է Հարավային Կովկաս

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերն առաջիկա օրերին այցելելու է Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը սեպտեմբերի 6-ի ճեպազրույցում։

«Կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդատու, դեսպան Ռիկերը այցելելու է տարածաշրջան այս շաբաթ, սա լինելու է նրա առաջին այցը այդ պաշտոնում»,- հայտնել է Պատելը՝ հավելելով, որ երեք մայրաքաղաքներում՝ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում, դեսպանը հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկելու է տարածաշրջանային առանցքային հարցերը և փորձելու է աջակցել գործընկերներին, որ ուղիղ և կառուցողական ձևով ներգրավվեն կարևոր հարցերի լուծման գործում։

Պետքարտուղարության ներկայացուցչին հարց է ուղղվել այն մասին, որ բրյուսելյան բանակցություններում ԱՄՆ ներկայացված չէր, միևնույն ժամանակ, Վաշինգտոնը հայտարարում է գործընթացը սատարելու մասին, ի՞նչ նկատի ունի՝ աջակցություն ասելով, արդյոք աջակցությունը բարոյակա՞ն է, թե՞ հեռակա։

«Սա ԵՄ առաջնորդությամբ տարվող գործընթաց է, ոչ թե ԱՄՆ առաջնորդությամբ»,- ասել է Վեդանտ Պատելը։

Մեկնաբանել