Մեղրի և Ագարակ աշունը եկավ, իսկ գազը՝ ոչ․ Գնել Սանոսյանի խոստման հետքերով

Գևորգ Թոսունյան

«Մեղրիում ու Ագարակում շուտով գազ կլինի» վերտառությամբ նյութեր այդ քաղաքի բնակիչները պարբերաբար կարդում են։ Իշխանությունները գազ էին խոստանում 2016-ին, 2019-ին, 2020-ին, ինչպես նաև 2022-ին։ Վերջին խոստումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանինն էր։ Այս խոստումը ևս մնաց միայն լրատվամիջոցների էջերում։

2022-ի մայիսի 25-ին Ազգային ժողովում Սանոսյանը հայտարարեց հետևյալը.

«Մինչև աշուն Մեղրիի մեր հայրենակիցները, Ագարակի, նաև այս համակարգի մեջ Լեհվազ գյուղն է ավելացել, բոլորը կունենան գազ»։

Աշունն արդեն եկել է Մեղրի, Ագարակ և Լեհվազ, սակայն գազը՝ ոչ։ Նախարարը չիրականացրեց բարձր ամբիոնից տված իր խոստումը։

ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք գազը հասել է վերոնշյալ համայնքներ։ Պատասխանից հասկացվում է, որ նախարարը սխալվել է հաշվարկներում։

Նախարարությունից նախ հիշեցրել են, որ երեք համայնքների գազիֆիկացման նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամը կառավարության հատկացրած 257,5 մլն դրամ գումարով իրականացրել և 2021-ին ավարտել է աշխատանքները։

«Նշված համայնքների գազիֆիկացումն ապահովելու նպատակով ներկայում ընթանում է կառուցված գազամատակարարման համակարգի նկատմամբ գույքի իրավունքների պետական գրանցման գործընթացը։ Դրա ավարտից, և սահմանված կարգով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ անհատույց շահագործման պայմանագիր կնքելուց հետո նոր հնարավոր կլինի իրականացնել նշված բնակավայրերի գազամատակարարոմը»,- հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է նաև, որ նախարարության միջնորդությամբ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով իրականացվել են Ագարակ և Մեղրի քաղաքների բազմաբնակարան շենքերի աստիճանավանդակներում բացակայող բնական օդափոխությունն ապահովող դեֆլեկտորների տեղադրման շինհավաքակցման աշխատանքները, որոնք ավարտվել են ս.թ. օգոստոսի 28-ին։

Նախարարի տեղակալներից մեկի ստորագրությամբ փոխանցված գրավոր պատասխանում նաև կարդում ենք.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղեկացմամբ՝ Մեղրի և Ագարակ քաղաքներում հնարավոր բաժանորդների թիվը կազմում է համապատասխանաբար 1 000 և 240 բաժանորդ։ Առայժմ բնակիչներից ստացել են նոր գազասպառման համակարգին միանալու 30 դիմում, որից 16-ի նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են»։

Այսինքն՝ 1 240 բաժանորդից ստացվել է ընդամենը 30-ի դիմումը, դեռևս ընթանում են նախագծային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, եթե մնացածն էլ ուղարկեն դիմումներ, միանգամից գազ ստանալ չի ստացվի։

«Օդափոխիչներ են բարձրահարկ շենքերում փորձում տեղադրել, բայց Մեղրի քաղաքում չենք ստացել գազ։ 15 տարի նորություններն այդպես են՝ շուտով կունենաք-շուտով կունենաք, բայց ոչինչ էլ չի լինում»,- ասաց Մեղրիի բնակիչ Սիրուն Սարգսյանը։

Ագարակի բնակիչ Գևորգ Աթանեսյանը ևս հայտնեց, որ իրենց բնակավայր գազը չի հասել․ «Նախորդ տարի էր՝ անցկացրին խողովակաշարը, այս տարի մենք ոչինչ չենք տեսել։ Գազ չկա, հույս էլ առանձնապես չկա, որ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը։