«Կարելի է աշխատել Երևանում, ապրել՝ Մոսկվայում, ոչինչ չի խանգարում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով իրավիճակը գործարար ոլորտի միգրանտների հետ, հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը օգուտ է բերում ռուսական բիզնեսին․ շատերը, նրա խոսքով, արդեն վերադարձել են Ռուսաստան։

«Եթե պայմաններն այնպես են դասավորվել, որ մարդկանց այսօր նպատակահարմար է աշխատել այնտեղ, խոսքը հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասին է, այո, նրանց համար ավելի հանգիստ է և շահեկան, թող աշխատեն»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Հայաստանն իրենց համար օտար չէ․ ամեն ինչ մոտ է։

«Կարելի է աշխատել Երևանում, ապրել՝ Մոսկվայում, ոչինչ չի խանգարում»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը ընկալում նրանց, ովքեր մեկնում են Հայաստան աշխատանքի։ Նրա համոզմամբ՝ շատերն արդեն վերադարձել են՝ հասկանալով, որ Ռուսաստանում ոչինչ տեղի չի ունենում՝ չնայած պատժամիջոցներին։

«Եթե մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում՝ խնդրեմ»,- ասել է Պուտինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վլադիվոստոկում է, որտեղ մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին։

Մեկնաբանել