Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես նշվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում, քննարկվել են ռուս-հայկական երկկողմ համագործակցության և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցեր։
Վլադիմիր Պուտինը, խոսելով տնտեսական հարցերի մասին, անդրադարձել է նաև Ղարաբաղի խնդրին։ «Ամենազգայուն հարցերից է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության իրավիճակը։ Մենք այս մասին մշտապես խոսում ենք ձեզ հետ, մշտական կապի մեջ ենք։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր, ձեր Ռուսաստան մեկնելու ընթացքում, Վլադիվոստոկում տնտեսական ֆորումին, մենք կարող ենք նաև կողքից խոսել այս բոլոր թեմաների շուրջ»,- ասել է Պուտինը։
«Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ անվտանգության և կայունության ապահովումը։ Մոտ ապագայում նախատեսում եք մասնակցել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառումներին Ուզբեկստանում, որտեղ հնարավորություն կունենաք կրկին հանդիպել և զրուցել բոլոր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է, և «հատկապես այս դժվարին ժամանակներում մշտական շփումն ու դիրքորոշումների ճշգրտումը շատ կարևոր է»։
«Դուք նշեցիք, ես ևս եմ ուզում նշել ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Պետք է խոստովանել, որ սա հեշտ առաքելություն չէ, մենք բազմիցս խոսել ենք այս մասին և բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է ընդգծել։ Ընդհանրապես, ԼՂ-ում անվտանգության ապահովման առումով կան նրբերանգներ, որոնք մենք միշտ քննարկում ենք, և կարծում եմ, որ շատ օգտակար կլինի այսօր ևս քննարկել այդ հարցերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Տե՛ս նաև՝ «Կարելի է աշխատել Երևանում, ապրել՝ Մոսկվայում, ոչինչ չի խանգարում». Պուտին