Ուկրաինան կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ

Շոթա Կինչա, OC Media

Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունը Վրաստանի «ոչ պաշտոնական կառավարիչ», միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, նրա մտերիմներին ու վրացի մի քանի գործարարների ընդգրկել է այն անձանց ցուցակում, որոնք «սպասում են պատժամիջոցների»՝ Ռուսաստանի հետ իրենց ենթադրյալ կապերի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական արշավի համար։

Սեպտեմբերի 5-ին ուկրաինական պաշտոնական «Պատերազմ և պատժամիջոցներ» տվյալների բազան, որը ներառում է անձանց, ովքեր ենթադրաբար կապեր ունեն Ռուսաստանի հետ, աշխարհի կառավարություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ:

Առցանց տվյալների բազան մշակել են Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունն ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը: Դրանում թվարկված է ավելի քան 18 000 անուն՝ մարդիկ, որոնք, ըստ կայքի, պետք է պատժվեն ռուսական ռեժիմին աջակցելու և Ուկրաինա ներխուժելու համար:

Տվյալների բազան ենթադրում է, որ Իվանիշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը և նախկին վարչապետը, սերտ կապեր ունի ռուսական քաղաքական էլիտայի հետ և «պատասխանատու է նյութական կամ ֆինանսական աջակցության համար այն գործողություններին, որոնք խարխլում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։

Կայքը պնդում է, որ Իվանիշվիլին սերտ կապեր ունի և լոբբինգ է իրականացրել Կրեմլի մերձավոր ազդեցիկ ռուսաստանցիների համար, այդ թվում գործարար Վլադիմիր Եվտուշենկովի, Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և ռուսաստանցի պատգամավոր Աննա Կովիչկոյի համար։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և Իվանիշվիլիի մերձավոր գործընկեր Իրակլի Կոբախիձեն կշտամբել է Ուկրաինայի իշխանություններին՝ այդ օրը ավելի ուշ վրացական Palitranews գործակալությանը մեկնաբանելով լուրը։

«Մինչև հիմա բոլորը համաձայն են, որ Ուկրաինան համարվում է ամենակոռումպացված երկրներից մեկը, ինչն արտացոլված է [միջազգային] վարկանիշերում։ Երբ նման երկրի հակակոռուպցիոն գործակալությունը ինչ-որ ցուցակ է ներկայացնում, դա լուրջ չէ, նույնիսկ ծիծաղելի չէ»,- ասել է Կոբախիձեն։

«Նրանք պետք է զբաղվեն իրենց սեփական կոռուպցիայով, որի մեջ խրված է երկիրը: Ուկրաինան այսօր երկու մեծ խնդիր ունի՝ առաջինը պատերազմն է, երկրորդը՝ կոռուպցիան»,- հավելել է նա։

Բիձինա Իվանիշվիլիի հետ ցուցակում ընդգրկվել է տասներկու վրացի, այդ թվում՝ նախկին վարչապետի հինգ հարազատները։

Ցուցակի նոր համալրումներում անհատներ են, որոնց նախկինում քննադատել են Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ընդդիմադիրները: Նրանց թվում են Ուչա Մամացաշվիլին՝ Իվանիշվիլիի զարմիկը, ինչպես նաև վրացի գործարարներ Իվանե Չխարտիշվիլին և Դավիթ Խիդաշելին և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն։

[Պարցխալաձեի դեմ մեղադրանքների մասին կարդացեք OC Media-ի արխիվում. Վրաստանի նախկին նախարարին գլխավոր դատախազը «ծեծել և բռնաբարությամբ է սպառնացել»]

Այս տարվա սկզբին Թբիլիսիում տեղակայված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» դիտորդական խումբը պարզեց, որ Ուչա Մամացաշվիլին և Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը՝ Ալեքսանդր Իվանիշվիլին, որոնք նույնպես ներառված են տվյալների բազայում, բիզնես են վարել Պոլտավչենկոյի հետ:

Ցուցակում ընդգրկվել է նաև վրացի ծայրահեղ պահպանողական քարոզիչ և գործարար Լևան Վասաձեն։ Բացի Կրեմլամետ գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի հետ կապերից՝ Վասաձեն, ըստ տվյալների բազայի, որպես ռուսաստանցի հարկատու ֆինանսական ներդրում է ունեցել Ուկրաինայի դեմ պատերազմում իր «Բեթհովեն» կենդանիների ապրանքների մանրածախ ցանցի միջոցով:

Այս տասներկուսը Վրաստանում բնակվող առաջին դեմքերն են, որոնց անունները ներառվել են Ուկրաինայի «Պատերազմ և պատժամիջոցներ» տվյալների բազայում:

«Պատերազմ և պատժամիջոցներ» նախագիծը մեկնարկել է ապրիլին, որպեսզի թվարկի բոլոր այն կազմակերպությունները, որոնք միջազգային պատժամիջոցների են ենթարկվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում իրենց դերի համար, և ջատագովելու, որ ավելի շատ մարդիկ ենթարկվեն նման միջոցների:

Վրացական որոշ ընդդիմադիր խմբեր, այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Լելոն հանուն Վրաստանի», միջազգային հանրությանը բազմիցս կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ։ Հունիսի սկզբին նմանատիպ առաջարկ էր արել Եվրախորհրդարանը։

Մեկնաբանել