ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թ-ի դափնեկիր, IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թվականի դափնեկիրը IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահը Լեոն Ստոկն է: Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ, Հայաստան ժաամանած Լեոն Ստոկին հանձնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրա արժանի վաստակը գնահատող մրցանակը: Տասներկու տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում 13 գյուտի արտոնագիր ունեցող գիտնականն այսօր այցելել էր Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու և մտքերի փոխանակության համար:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել մրցանակի դափնեկիր Լեոն Ստոկը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

Լեոն Ստոկի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ստոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է IBM-ի այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են Automation, Robotics, Artificial intelligence, Cloud computing, Consulting, Blockchain, Computer hardware, Software, Quantum computing մշակումները: Դրանք ապահովում են IBM-ի հիմնական ուժեղ կողմերը՝ ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի բիզնեսներում։ Լեոն Ստոկի թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների՝ IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։ «Այս մրցանակաբաշխությունը կարևոր դեր է խաղում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի հստակ տեղն ամրագրելու հարցում: Նման գիգանտ ընկերությունների առաջին դեմքերի այցելը Հայաստան՝ նպաստում է մեր երկրում զգալի նեդրումների խթանմանն ու բիզնես համագործակցությունների կայացմանը», – եզրափակել է Երվանդ Զորյանը:

«Առօրյայում մենք հաճախ չենք զգում, որ աշխարհն իր քաղաքակրթական ձեռքբերումներով պարտական է կոնկրետ անհատների՝ իրենց գյուտարարության, իսկ հետագայում՝ նաև դրանց մասսայականացման համար: Պարոն Ստոկն այդ գիտնականներից մեկն է: Այն, որ մրցանակի գործընկերը ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունն է, ամենևին պատահական չէ: Հեռահաղորդակցությունը բիզնես է, որը կարող է միավորել, մեծ հնարավորություններ ստեղծել ու պահանջարկ ձևավորել գիտության զարգացման, տեխնոլոգիական ու ՏՏ լուծումների, մեդիայի, բիզնեսի զարգացման, մարդու զարգացման ու նրա առօրյա կյանքը հեշտացնելու համար: Մենք տարիներ շարունակ եղել և մնում ենք ՏՀՏ համայնքի կողքին՝ համաշխարհային կարևոր ներդրում ունեցած դափնեկիրներին Հայաստանում ներկայացնելու և ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դերն ամրապնդելու համար: Այս մրցանակի շնորհիվ բազմաթիվ հայ երիտասարդներ ոգեշնչվում են և լուրջ մոտիվացվում՝ ձգտելով ոտք չդրած արահետներով գնալ դեպի հաջողության նոր պատմություններ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը ՀՀ նախագահից, և ես շնորհակալ եմ մրցանակաբաշխության կոմիտեին և միջազգային ընտրող հանձնաժողովին՝ ինձ որպես ՏՏ համաշխարհային մրցանակի դափնեկիր ընտրելու համար: Ես տպավորված եմ այն ​​տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում և այն ոգևորությամբ, որ զգում եմ իմ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիվա-ՄՏՍ-ին այս մրցանակը հովանավորելու և այսօր մեզ հյուրընկալելու համար: Հեռահաղորդակցությունը հսկայական դեր է խաղում ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում և ես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի առաջադեմ ընկերություն: Երկուշաբթի ես այցելեցի «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական բաժինը և զարմացա՝ տեսնելով ուսանողներին և դասախոսներին, որոնք մշակում են գործընթացների նախագծման փաթեթներ (three nanometers process design kits): Սրանք աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներից մի քանիսն են, և հիանալի է, որ Հայաստանում ուսանողները կարողանում են գործընթացների նախագծման փաթեթներ տրամադրել մնացյալ աշխարհի ուսանողներին՝ դրանք օգտագործելու համար», – ասել է դոկտոր Ստոկը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի միջոցառումը կազմակերպելու և բարձր մակարդակով իրականացնելու համար։ Վստահաբար այն լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային ՏՏ ոլորտում ամրապնդելու և բարձրացնելու համար: Ի թիվս կարևոր այլ թիրախների՝ մրցանակը միտված է երիտասարդների շրջանում ՏՀՏ ոլորտում կայացած և հաջողակ մասնագետի կերպարի ստեղծմանն ու տարածմանը: Հայաստանում կան խոստումնալից երիտասարդներ, որոնք կոգևորվեն այս մրցանակի դափնեկիրների հաջողություններով և նրանց օրինակով կընտրեն ՏՀՏ-ն որպես ապագա մասնագիտություն», – ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Այս մրցանակաբաշխությունն ունի կարևոր առաքելություն. մեր երկիր բերել մարդկության կյանքի ընթացքը փոխելու հարցում հեղափոխական ներդրում կատարած, համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդների և նրանց անցած ճանապարհը ներկայցնել հայ երիտասարդներին: Դա ուսանելի և հետաքրքիր փորձ է ոչ միայն նրանց, այլև գիտակրթական տեխնոլոգիական ոլորտի հանրության համար»,- ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Բացման խոսքին հետևեց հարցուպատասխան:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են՝

  • «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010 թ.)
  • «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.)
  • «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.)
  • Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.)
  • «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.)
  • «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.)
  • «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.)
  • «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017 թ.)
  • Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր Դր Ջեյմս Թրուշարդ (2018 թ)
  • «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը (2020 թ)

Մրցանակաբաշխության հիմնական նախաձեռնողն ու կազմակերպիչները Սինոփսիս Ինք․ ընկերությունն է և նրա Սինոփսիս Արմենիա ստորաբաժանումը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

*Նյութը հրապակարվում է որպես գովազդ

Մեկնաբանել