Ավելի քան 48 մլն դրամ՝ պետական աջակցության ծրագրերի իրազեկման համար

Կառավարությունը որոշել է իր կողմից իրականացվող ծրագրերը հանրությանը ներկայացնելու համար նոր հարթակ ստեղծել, այն կոչվելու է պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ։ Հարցը ներառված է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում։

«Միասնական հարթակը (կայք, հավելված) մատչելի և համակարգված կերպով քաղաքացիներին կմատուցի տեղեկատվություն պետական աջակցության բոլոր ծրագրերի/միջոցառումների վերաբերյալ։ Այն օպերատիվ կթարմացվի և կտեղեկացնի օգտատերերին նոր ծրագրերի մասին, ինչպես նաև՝ նախկին ծրագրերում կատարված փոփոխությունների մասին»,- նշված է կայքի ստեղծման որոշման հիմնավորումներում։

Կայքը համակարգելու է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի հաստիքներն ավելացվելու են։ Նոր գործառույթները ենթադրում են պետական աջակցության ծրագրերի շուրջ պոտենցիալ շահառուների շրջանում հանրային իրազեկման արշավների կազմակերպում, պետաջակցության իրազեկման միասնական հարթակի վարում և այլն։ Կայքի գործունեության համար ձեռք են բերվելու նաև տեխնիկական նոր միջոցներ։

Տարբեր վերաբաշխումների արդյունքում ՊՈԱԿ-ին կհատկացվի 48 միլիոն դրամ։

Մեկնաբանել