Բրյուսելում չի հաջողվել ընդհանուր դիրքորոշում արձանագրել ամենակարևոր հարցերի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել․ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Ադրբեջանի տեսակետն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է և այլևս այն գոյություն չունի, մեր և միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի տեսակետը չի կիսում նաև Ռուսաստանը։

Մյուս կողմից, ըստ վարչապետի, Հայաստանն ու Ադրբեջանը «երկուստեք հաստատել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»։

Այդուհանդերձ, Փաշինյանի կարծիքով, այստեղ ևս խնդիր կա. «Ես մի ժամանակ մտածում էի՝ գուցե պետք է բաժանել երկու մասի՝ երկրներ կամ քաղաքական գործիչներ, որոնք անկեղծ են խաղաղություն ուզում և նրանք, ովքեր ոչ այնքան անկեղծ են։ Իրականում, հընթացս համոզվում եմ, որ բոլորն էլ ամենայն անկեղծությամբ խաղաղություն ու կայունություն են ուզում, այլ բան, որ յուրաքանչյուրը, խաղաղություն ասելով, հասկանում է իր ընկալումը, խաղաղության իր արդյունքներն ու մթնոլորտը։ Այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները»։

***

Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չորրորդ հանդիպումը։

Այդ հանդիպումից հետո՝ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստին Փաշինյանը մանրամասնեց, որ քննարկումը «հեշտ չէր»։

Մեկնաբանել