Լոնդոն 2012. Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը` օլիմպիական չեմպիոն

Օլիմպիական գլխավոր անակնկալներից մեկը գրանցվեց տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարում: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հակախաղ գտնել պրագմատիկ, բայց ճշտապահ Մեքսիկայի հավաքականի դեմ:

Գոլ բաց թողնելով հենց առաջին րոպեին՝ Բրազիլիան կորցրեց իր դեմքն ու ընդհանրապես նման չէր այն հավաքականին, որը մրցաշարի բոլոր խաղերում 3 գոլ էր ուղարկել մրցակիցների դարպասը: Խաղադաշտում չէին երևում Նեյմարը, Լեանդրո Դամիանը, Օսկարը:

Այսօր Բրազիլիան կորցրեց հերթական շանսը Օլիմպիական խաղերում հաղթելու համար: Հիշեցնենք, որ սա միակ մրցանակն է, որ պակասում է «պենտակամպիոնների» հսկայական հավաքածուում:

Պերալտան կարողացավ երկու գոլ ուղարկել Բրազիլիայի դարպասը, իսկ դրան մեկ անգամ պատասխանեց Հալկը՝ 90-րդ րոպեին:

Այսպիսով, բրազիլացիները օլիմպիական ոսկուն պետք է սպասեն ևս 4 տարի, և միգուցե հենց Բրազիլիայում հնարավոր կլինի հանել այս անեծքը:

Բրազիլիա-Մեքսիկա 1-2
Գոլերը՝ Պերալտա (1′, 75′) – Հալկ (90՛)