Պապիկյանը Պենտագոնում քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ, ասված է ՊՆ հաղորդագրությունում։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանըանդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին»,- հայտնում է ՊՆ-ն։