ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ողջունել են հինգ հայ գերիների վերադարձը

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ողջունել են Ադրբեջանից հինգ հայ գերիների վերադարձը Հայաստան, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ի երեկոյան:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ողջունել է «հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումը», որը, նրա կարծիքով «դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար»։

«Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», – Թվիթերում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Հինգ հայ ռազմագերիների վերադարձը ողջունել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո:

«Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- Թվիթերում գրել է Կլաարը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 8-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների։

Հայ գերիների խմբի վերջին վերադարձը տեղի էր ունեցել կես տարի առաջ՝ 2022-ի փետրվարի 7-ին։

ՀՀ կառավարության փետրվարի 28-ի զեկույցում բերվում են գերիների վերաբերյալ թվեր․ «2021 թվականի ընթացքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Հունգարիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանի կողմից գերեվարված 84 անձ. 44-օրյա պատերազմից ի վեր վերադարձվել է 150 գերեվարված անձ: Սույն զեկույցի ներկայացման պահին ադրբեջանական գերության մեջ են մնում 38 անձինք: Անհայտ է 217 անձի գտնվելու վայրը»։

Ըստ այդմ՝ այս պահին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 155 գերի։

Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մայիսին հայտնել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է։