Կուսաթաղանթ, որը բացակայում էր. բռնության մշակույթը հեռուստասերիալում

Հայկական «թասիբի» ու սիրո բացակայության մասին պատմող նոր հեռուստասերիալը դարձյալ ցոփ ու շվայտ, հարուստ ու բռնարար տղամարդկանց և բռնության ենթարկվող, անհասցե, անտուն, որբ ու դժբախտ կանանց մասին է, որտեղ սիրո և բռնության սահմանն անցնում է կուսաթաղանթի միջով։ Եթե ամուսնական առաջին գիշերը կուսաթաղանթը տեղում է, մի գուցե բռնությունը հետաձգվի մի քանի օր, ամիս կամ տարի, սակայն եթե կուսաթաղանթը բացակայում է, ապա նույնիսկ ամուսնական առաջին գիշերը կվերածվի բռնաբարության։

«Կույր աշխարհ» հեռուստասերիալի սցենարը կառուցված է կնոջ կուսաթաղանթի շուրջ, որի բացակայությունը մեկ րոպե առաջ սիրահարված թվացող տղամարդուն դաձնում է բռնարար։ Իսկ կինն արդարանում է, թե ինքը մաքուր է, ուղղակի մանկահասաակ տարիքում ընկել ու վնասել էր կուսաթաղանթը։ Թե ինչ անհավանական ու բժշկական տեսանկյունից անհիմն ձևով է բացատրվում աղջկա կուսազրկումը, այդ հարցին անդրադառնալն անիմաստ է, քանի որ նույնիսկ եթե շատ հիմնավոր, բժշկագիտական տեսանկույից անհերքելի պատճառ բերվեր, միևնույն է, կմնար հարցը, թե ինչ կապ ունի կուսաթաղանթը սիրո և ամուսնության հետ։ Այն մղձավանջը, որը սկսվում է բժշկի կողմից տրված «ամոթի թղթի» բացակայության պատճառով, զարհուրելի և նողկալի է։ Կնոջ կույս չլինելու փաստն իսկ բավարար է, որ «արադարացվի» նրա հանդեպ բռնությունը, նրան պոռնիկ անվանելու, նրան բռնաբարելու, ապա վռնդելու վարքը, որը հեռուստասերիալի հերոսներից որևէ մեկի կողմից քննադատության չի ենթարկվում, ավելին, մատնացույց անելով կնոջը վտարում են հասարակությունից։
Այսպիսով, կնոջ նկատմամբ վերաբերմունքի միակ չափանիշը կուսաթաղանթն է, այդ չարաբաստիկ թաղանթը, որը կնոջ միակ առաքինությունն է համարվում։ Հա, կարևորը դա կա, իսկ բամբասանքը, սուտը, տմարդի վարքը նորմալիզացվում է, դե էս է կյանքը, ինչ անում ես, տակից արա, կարևորը թաղանթապատ եղիր, «նամուսով» հարս գնա ու վերջ։

Ի դեպ, հայկական առաջին ֆիլը եղել է Համո Բեկ-Նազարյանի «Նամուսը»։ Սակայն Համո Բեկ-Նազարայանն այն նկարել է քննադատական հայացքով՝ ցույց տալով, թե որքան արատավոր է հայ հասարակության մեջ կեղծ բարեպաշտությունն ու բամբասանքը, որը ճակատագրեր է խեղում, գնում սիրո դեմ և «Նամուսը» Համո Բեկ-Նազարյանի կոչն է արմատախիլ անել նման արատավոր դրսևորումները։

«Կույր աշխարհ»-ի նման հեռուստասերիալները գալիս են ջնջելու հայկական կինոյի փայլուն ավանդույթները, որոնք հասարակությունը կրթելու, ազատականացնելու նպատակ ունեին։ Այժմ մեդիադաշտը կարծես միտումնաբար վերարտադրում է միջնադարյան բարքերն ու հասարակությանը տալիս դերային մոդելներ՝ հղփացած, բռնարար տղամարդկանց ու լքված, ճնշված կանանց տեքսով։

Հայկական սերիալներում մշտապես պատկերված տղամարդկանց մեծամասնությունը ագրեսիվ է, իսկ կանանց նկատմամբ բռնության գործադրումը նրանց ագրեսիվ առնականության բաղկացուցիչ մասին է կազմում։ Սակայն կուսության թեման դարձյալ արժևորելով՝ սցենարիստը խորացնում է անհավասարությունը կանանց ու տղամարդկանց միջև՝ սեռական արտամուսնական կյանք վարելու արտոնություն տալով տղամարդուն, իսկ կնոջը զրկելով դրանից, միաժամանակ հասարակությունը հետ մղելով դեպի միջնադարյան բարքեր ու սովորույթներ։

Իրականում մեր հասարակության որոշ շերտերում դեռևս արդիական է կուսության փառաբանումը, մենք ունենք նույնիսկ կարմիր խնձորի սովորույթ, որը «ադաթ է», ու ոմանք նույնիսկ 21-րդ դարում շարունակում են հետևել այդ վայրագ բարքերին։ Եթե ամուսնական առաջին գիշերը կինը կույս է, ապա կարմիր խնձոր են բերում նրա հայրական օջախ՝ շեշտելով «նամուսով հարս» գնալու կարևորությունը։ Իսկ նամուսի պահապանը հայրիշխանությունն է։ Փաստացի, տղամարդիկ ներքին սոլիդարությամբ պայմանավորվել են, որ պետք է վերահսկեն կանանց սեռական ազատությունն ու հորինել ինչ-որ մտացածին սովորույթներ, միմյանց ցուցադրելով իրենց գերիշխանությունը կնոջ մարմնի և ազատությունների նկատմամբ։ Իսկ իրենք, դե իրենք տղամարդ են, իրենց կարելի է արտաամուսնական կապեր ունենալ, ապրել սեռական կյանքով․ որքան շատ ու բազմազան՝ այնքան տղամարդ ես։

Ինչ վերաբերում է առաջինը լինելուն՝ այդ հարցը բժշկությունը շատ լավ լուծել է։ Հայաստանում հնարավոր է վերականգնել կուսաթաղանթը՝ բավականին մատչելի գներով, իսկ նա, ով երազում է լինել առաջինը, թող լինի հերթական խաբվածը։ Կուսաթաղանթը վերականգնելու վիրահատությունները բավականին շատ են արևելյան երկրներում, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, որտեղ մարդիկ կնոջ և տղամարդու հավասարության և միմյանց ազատությունը հարգելու պատկերացմամբ են առաջնորդվում։ Իսկ մեր մեջ նստած ու ամեն օր, բոլոր ոլորտներում խորացող սուտը ծաղկելու է, քանի դեռ մարդկանց մտածողությունը հետամնաց է, և մեդիայի բոլոր հոսքերով արվում է ամեն ինչ, որ տգիտությունը ծաղկի ու փառաբանվի։

Մեկնաբանել