ՄԱԿ-ի հանձնաժողովը Բելառուսին պարտադրել է «համարժեք փոխհատուցում» վճարել Լապշինին

lapshin armenia

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 7-ին հրապարակել է իր վճիռը, որի համաձայն՝ 2017-ի փետրվարի 7-ին Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանին անօրինական էր։

Հանձնաժողովի որոշման մեջ, ի թիվս այլ բաների, բերվում են Լապշինի ցուցմունքները առ այն, որ «բելառուսական իշխանությունները կեղծել են իր գործը, և իր արտահանձնման վերաբերյալ որոշումը ունի քաղաքական դրդապատճառներ»։

Ուսումնասիրելով փաստաթղթերն ու հաշվի առնելով բլոգերի ցուցմունքները՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի հոդված 7-ի խախտում է։ Այդ փաստաթուղթը Բելառուսը վավերացրել էր դեռ 1976 թվականին։

Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի հանձնաժողովը վճռել է, որ Բելառուսը պարտավոր է Ալեքսանդր Լապշինին տրամադրել «համարժեք փոխհատուցում»։

ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանելով ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը՝ Ալեքսանդր Լապշինը ասել է հետևյալը․ «ՄԱԿ-ի որոշումը (ինչպես և ՄԻԵԴ-ի) պայքարի կարևոր փուլ է, բայց ամենևին ոչ վերջինը։ Բոլոր այս բանձևերն ու որոշումները անուղղակիորեն հիմք են հանդիսանում ԱՄՆ-ում Ադրբեջանի ղեկավարության դեմ ապագա դատական հայցի համար, որը կներկայացվի շատ շուտով։ Բացի այդ, ներկայում ԱՄՆ-ում աշխատանք է տարվում «Սև ցուցակ» (Black list) գեղարվեստական ֆիլմի նկարահանումների ուղղությամբ, որը կպատմի Արցախ այցելելու համար իմ ձերբակալության մասին։

Մեկնաբանել