Ուր են հասել հողային բարեփոխումները

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Վերջին շրջանում ակտիվացել են հողային բարեփոխումների շուրջ քննարկումները և քայլերը։ Հունիսի 30-ին վարչապետի մոտ այդ հարցով խորհրդակցություն տեղի ունեցավ, ապա հուլիսի 15-ին աշխատանքային խումբ ձևավորվեց, իսկ օգոստոսի 4-ին կառավարությունը հավանություն տվեց հողերի միավորման աջակցության ծրագրին, որով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել միավորված հողամասերում կատարված որոշ աշխատանքների դիմաց։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանում այժմ կա շուրջ 320 000 գյուղական տնտեսություն, որոնք միջինը ունեն 1,5 հեկտար ընդհանուր հողային տարածք, որոնք միջինը կազմված են չորս կտորից։ Հայաստանում վերջին տվյալներով կա շուրջ 444 000 հեկտար վարելահող, որի միայն կեսն է, ըստ Քերոբյանի, այսօր մշակվում։

Հողային բարեփոխումների նպատակը հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմումն է, ինչը կբերի արտադրողականության ավելացման։ Խնդիրն առաջացել է հետխորհրդային շրջանում հողերի հախուռն սեփականաշնորհման արդյունքում։ Այն ավելի է խորացել գյուղերից արտագաղթի պատճառով, ինչի հետևանքով բազմաթիվ հողակտորներ ամայացել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ հողերի կտրտվածությունը այսօր գյուղատնտեսության ամենամեծ խնդիրներից է։ «Այդ խնդրի լուծման տարբերակների մասին ենք անընդհատ մտածում»,- ասաց նա։ Փաշինյանը սակայն ընդունեց, որ այս ուղղությամբ կառավարության քայլերը դեռ արդյունքներ չեն տալիս, ինչն ավելի է խորացնում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է թե ինչ է ասել և արել գործող կառավարությունն այս ուղղությամբ վերջին տարիներին։

Ինչ է ասվել

Հողային բարեփոխումների մասին գործող իշխանությունները պարբերաբար խոսել են։ 2019-ի հուլիսին Շիրակում տնտեսական համաժողովի ժամանակ Փաշինյանը նկատեց, որ գյուղատնտեսության մեջ է ներգրավված երկրի աշխատուժի 30 տոկոսը, սակայն այն արտադրում է ՀՆԱ-ի 14 տոկոսը։ «Այս առումով, հողային ռեֆորմը շատ կարևոր է, որը հնարավորություն պետք է տա զարգացնել արդյունաբերությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Այդ ջանքերը պետք է լինեն մեր կառավարության քաղաքականության հաջորդ կարևոր ուղղությունը»,- ասում էր Փաշինյանը։

Փաշինյանը հողային բարեփոխումներին և հողերի խոշորացմանը անդրադարձել է նաև 2019-ի դեկտեմբերին, 2020-ի մարտին, 2021-ի փետրվարին։ Նա կրկին անդրադարձավ հարցին 2021-ի օգոստոսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս։

«Կառավարությունն արդեն բավական երկար ժամանակ քննարկում է հողային ոլորտում փոփոխություններ իրականացնելու, հողերի խոշորացման ծրագիր իրականացնելու հարցը: Որոշակի լուծումներ նախանշվում են, բայց դրանք հեշտ լուծումներ չեն: Հույս ունեմ, որ մենք կցուցաբերենք քաղաքական կամք՝ այդ փոփոխություններն անելու, որովհետև պետք է հասկանանք՝ ընդհանրապես գյուղատնտեսության այն որակը այն ձևով, որ ունենք, զուրկ է հեռանկարից»,- ասաց Փաշինյանը։

Ինչ է արվել

2020-ի հունվարի 23-ին կառավարությունն ընդունեց որոշում, որով հաստատվեց գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը։

Հայեցակարգը ներառում է ութ միջոցառում, որոնք բոլորը պետք է մեկնարկեին 2020-ին։ Միջոցառումների թվում է «Գյուղատնտեսական գործունեության մասին» օրենքի մշակումը էկոնոմիկայի նախարարության կողմից և նախագծի ներկայացումը Ազգային ժողով։ Այսպիսի օրենքի նախագիծ մինչ օրս չի ներկայացվել։

Դրանից բացի, մինչև 2021-ի չորրորդ եռամսյակ պետք է ստեղծվեր հողային բանկ, որի կատարման մասին տեղեկություն չկա։

Հողային բարեփոխումների ուղղությամբ ամենանշանակալից քայլը հավանաբար կարելի է համարել կառավարության օգոստոսի 4-ին ընդունած գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնտլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը:

Պետությունը նախատեսում է աջակցություն տրամադրել 30-ից 200 հեկտար միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։ Աջակցության առավելագույն ծավալը մեկ հեկտարի վրա կատարած աշխատանքների դիմաց կազմում է կատարված աշխատանքի (առավելագույնը 2,76 մլն դրամ) դիմաց փաստացի վճարված գումարի 50 տոկոսը։ Աջակցություն կտրամադրվի ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման, քարերի հավաքման և տեղափոխման, գոմաղբի կիրառման, տարածքի հարթեցման և այլ աշխատանքների դիմաց։

Կառավարությունը ցանկանում է այս քայլով նպաստել հողերի մասնատվածության մակարդակի կրճատմանը, որը կհանգեցնի արտադրողականության բարձրացմանը և ներդրումների ներգրավմանը։ Կանխատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսական նշանակության օգտագործվող հողերը 4 500 հեկտարով կավելանան։

Թեև հողային բարեփոխումների մասին կառավարությունը խոսում է արդեն երեք տարի, գործնական քայլերն ուշանում են, և մշակված միջոցառումների ծրագիրը երկուսուկես տարի անց մնում է թերկատարված։

Մեկնաբանել