Վրաստանում տաքսու վարորդն արդարացվել է ռուսալեզու ուղևորների առևանգման գործով

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Ուրբաթ Ռուսթավիի քաղաքային դատարանի երդվյալ ատենակալներն արդարացրել են տաքսու վարորդին, որը մեղադրվում էր երկու ռուսախոս ուղևորի առևանգման մեջ: Վարորդը պնդել է, որ կոնֆլիկտ է ծագել, երբ ինքը հրաժարվել է անջատել ռադիոյով հնչող ուկրաինական երաժշտությունը։

Տաքսու վարորդ Ամիրան Բոկուչավան մեղադրվում էր 2022-ի ապրիլի 11-ին երկու ռուսախոսի՝ մեկ ռուսի և մեկ լիտվացու առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու մեջ։

Նրա փաստաբան Իրակլի Չոմախաշվիլին պնդում է, որ այն բանից հետո, երբ Բոկուչավան երկու ուղևորներին վերցրել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, նրան խնդրել են խոսել ռուսերեն և անջատել ռադիոյով հնչող ուկրաինական երաժշտությունը: Ըստ փաստաբանի՝ վարորդը հրաժարվել է դա անել, և այնուհետև ուղևորներին իջեցրել է Գոմբորի լեռնանցքում՝ օդանավակայանից մոտ 60 կմ հյուսիս-արևելք:

Ուրբաթ գլխավոր դատախազությունը հրապարակել է երկու հայցվորների հակասական հայտարարությունը, որոնք պնդում էին, թե իրենք մեքենա էին վարձել Yandex-ի միջոցով: Հյուրանոց ժամանելուն պես, որտեղ նրանք նախատեսում էին մնալ Թբիլիսիի կենտրոնում, վարորդը պահանջել է վճարել 195 լարի (68 դոլար)՝ հեռախոսածրագրում նշված 23 լարիի (8 դոլար) փոխարեն:

Ըստ հայցվորների, երբ նրանք առաջարկել են վեճը լուծել ոստիկանության հետ, Բոկուչավան կողպել է դռները, քշել դեպի Գարդաբանի, որը գտնվում է Թբիլիսիից հարավ-արևելք, և պահանջել վճարել 500 լարի (175 դոլար) ազատության դիմաց:

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ ճանապարհին ուղևորները դուրս են նետվել մեքենայից։ Այնուհետ տաքսու վարորդը դուրս է նետել նրանց իրերը և դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքից երկու օր անց Բոկուչավան կալանավորվել էր։

Չոմակաշվիլին հաստատել է, որ գործով բոլոր 12 երդվյալ ատենակալներն արդարացրել են իր պաշտպանյալին, և որ նրանք չեն հավատացել հայցվորների վարկածին, որովհետև «հաստատվել է, որ հետևի դուռը կողպված չի եղել, և որ նրանք ունեին բջջային հեռախոս»։

Դատավճիռը վերջնական է․ Վրաստանի օրենսդրությամբ երդվյալ ատենակալների արդարացման դատավճիռը չի կարող բողոքարկվել:

Չոմակաշվիլիի խոսքով՝ Բոկուչավան կարող էր 7-ից 10 տարվա ազատազրկման դատապարտվել, եթե մեղավոր ճանաչվեր։

«Այսօր ժողովրդի անունից մենք հաղթեցինք ռուսական իմպերիալիզմին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։