Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշվում է Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ առավոտյան հայտնել է, թե ուրբաթ Հայաստանի զինված ուժերը ադրբեջանա-հայկական սահմանի շրջանում՝ Շորժայի հատվածում, գնդակոծել են իրենց դիրքերը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել բանակի ղեկավարի կազմի հետ և «ընդգծելով լարվածությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ հայկական զինուժի ինտենսիվ գնդակոծության հետևանքով, կարգադրել է պատրաստ լինել ցանկացած սադրանքների անհապաղ և վճռական կանխարգելման»։

Մեկնաբանել