Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է հայ-թուրքական կարգավորմանը

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումների համաձայն՝ Հայաստանում հարցված քաղաքացիների 48 տոկոսը լիովին բացասական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ 11 տոկոսը՝ «որոշ չափով բացասական»։ Հարցումն իրականացվել է հունիս ամսին 1 500 քաղաքացիների շրջանում ու հրապարակվել սեպտեմբերի 9-ին։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ դրական է արտահայտվել 28 տոկոսը, իսկ 13 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Ըստ տարիքային բացվածքի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը բացասական վերաբերվել են հիմնականում 18-35 տարեկան հարցվածները։ Հարաբերությունների կարգավորմանը բացասական արտահայտվող քաղաքացիների մեծ մասը գյուղական բնակավայրերից է եղել։ Դրական են արտահայտվել հիմնականում Երևանում ու Լոռիում, բացասական՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում։

Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչպես կազդի Հայաստանի տնտեսության վրա, 35 տոկոսը պատասխանել է՝ «լիովին բացասական», 11 տոկոսը՝ «որոշ չափով բացասական», 26 տոկոսը՝ «որոշ չափով դրական», իսկ 8 տոկոսը՝ «լիովին դրական»։ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։