Հայաստանցիների 66%-ը երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանում հարցված քաղաքացիների 66%-ը երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում և միայն 15%-ը դրա կարիքը չի տեսնում։

Այս արդյունքները ստացվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի հարցումից, որն իրականացվել է Հայաստանում՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպության (CRRC Armenia) միջոցով։ Տվյալները հավաքագրվել են հեռախոսային հարցազրույցների միջոցով Հայաստանի տարածքում՝ 2022-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցմանն ընդգրկվել է Հայաստանի 1 499 բնակիչ։

Հարցվածների 32%-ը համարում է, որ լավագույնը երկրի համար կառավարման նախագահական համակարգն է։ Ներկայում գործող խորհրդարանական համակարգի կողմնակիցների թիվը 16% է, կիսանախագահական համակարգի կողմնակիցներինը՝ 8%: Հարցվածների 20%-ը համարում է, որ կառավարման համակարգը երկրի լավ կառավարման հարցում որևէ ազդեցություն չունի։

***

Հայաստանը 2015-ի դեկտեմբերին անցկացված հանրաքվեով, որն անցավ զանգվածային ընտրախախտումների պայմաններում, կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի, որն ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2018-ի մայիսին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և սահմանադրորեն վերջին ժամկետից հետո։ Սարգսյանի խոստումը և դրա դրժումը, որ Սահմանադրության փոփոխությունից հետո այլևս չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, 2018-ին հանգեցրեց հեղափոխությամբ նրա և Հանրապետական կուսակցության երկարամյա իշխանության տապալմանը։

Գործող՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձևավորել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, սակայն այդ մարմինը գործնական քայլեր ու առաջարկներ դեռ չի արել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։

Տե՛ս նաև՝

Հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի․ IRI-ի հարցում

Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է հայ-թուրքական կարգավորմանը

Հարցման արդյունքներն ամբողջությամբ՝ այս հղումով։

Մեկնաբանել