Հայաստանի ՊՆ-ն կրկին հերքում է, որ գնդակոծել է Ադրբեջանի դիրքերը

Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանին ՊՆ-ն հաղորդել էր ինչպես սեպտեմբերի 9-ի լույս 10-ի, այնպես էլ 10-ի լույս 11-ի գիշերը հայկական կողմից իր դիրքերի գնդակոծության մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ առավոտյան հայտնել է, թե ուրբաթ Հայաստանի զինված ուժերը ադրբեջանա-հայկական սահմանի շրջանում՝ Շորժայի հատվածում, գնդակոծել էին իրենց դիրքերը։ Շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել բանակի ղեկավարի կազմի հետ և «ընդգծելով լարվածությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ հայկական զինուժի ինտենսիվ գնդակոծության հետևանքով, կարգադրել պատրաստ լինել ցանկացած սադրանքների անհապաղ և վճռական կանխարգելման»։Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ այսպիսի լուրեր շրջանառելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։ «Ամենայն հավանականությամբ նոր ռազմական էսկալացիա է լինելու մոտակա օրերին»,- ասել է նա։