ՊՆ-ն հերթական անգամ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

***

Ադրբեջանի ՊՆ-ն իր դիրքերի գնդակոծության մասին հայտարարել էր նաև սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին։

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել բանակի ղեկավարի կազմի հետ և «ընդգծելով լարվածությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ հայկական զինուժի ինտենսիվ գնդակոծության հետևանքով, կարգադրել պատրաստ լինել ցանկացած սադրանքների անհապաղ և վճռական կանխարգելման»։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ այսպիսի լուրեր շրջանառելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։ «Ամենայն հավանականությամբ նոր ռազմական էսկալացիա է լինելու մոտակա օրերին»,- ասել է նա։

Մեկնաբանել