Հայաստանցիների 85%-ը կարծում է, որ կառավարությունը պետք է պայքարի ապատեղեկատվության դեմ

Հայաստանում քաղաքացիների 85 տոկոսը կարծում է, որ կառավարությունը պիտի ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկի։ Այս տվյալը տեղ է գտել ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 9-ին։ Հարցմանը մասնակցել է 1500 մարդ։

6 տոկոսը կարծիք է հայտնել, որ կառավարությունը չպետք է պայքարի ապատեղեկատվության դեմ։

Ապատեղեկատվության դեմ միջոցներ ձեռնարկելուն կողմ արտահայտված քաղաքացիներին հարց է ուղղվել նաև, թե ո՞ր միջոցները կարող են լինել ամենաարդյունավետը ապատեղեկատվության դեմ. ի պատասխան 39 տոկոսը նշել է, որ արդյունավետ է քրեական պատասխանատվության ենթարկել ապատեղեկատվություն տարածողներին, 36 տոկոսը կարծիք է հայտնել, որ արդյունավետ կարող է լինել վարչական պատասխանատվությունը, 24 տոկոսն ասել է, որ տեղեկատվություն տրամադրողները պետք է խիստ ինքնավերահսկողական միջոցներ կիրառեն, իսկ 12 տոկոսը կարծում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարի ամենալավ միջոցը մեդիագագիտության խթանումն է։

Մյուս կողմից, հարցվածների այն հատվածը, որ դեմ է եղել կառավարության կողմից ապատեղեկատվության դեմ պայքարելուն, որպես պատճառ հիմնականում նշել է այն, որ կառավարությունն այդ միջոցը կօգտագործի որպես պետական քարոզչության գործիք և որ երկրում խոսքի ազատությունը կսահմանափակվի։

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ լրատվամիջոցներում հրապարակվող ապատեղեկատվությունը «շատ խնդրահարույց է» մեր երկրի համար, իսկ 22 տոկոսն ասել է, որ «որոշ չափով է խնդրահարույց»։ 4 տոկոսը նշել է, որ ապատեղեկատվությունը ընդհանրապես երկրի համար խնդրահարույց չէ։

Մեկնաբանել