Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»։ Մարուքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:

Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ:

Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը:

Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։

Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»,- ասված է Մարուքյանի գրառման մեջ։

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել բանակի ղեկավարի կազմի հետ և «ընդգծելով լարվածությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ հայկական զինուժի ինտենսիվ գնդակոծության հետևանքով, կարգադրել է պատրաստ լինել ցանկացած սադրանքների անհապաղ և վճռական կանխարգելման»։

Մեկնաբանել