«Քոփի փասթինգ է արվել»․ ՔՊ պատգամավորը՝ ազդարարման համակարգի թերի լինելու մասին

Գևորգ Թոսունյան

Օրենքը չի գործում, որովհետև գուցե «քոփի փասթինգ» է եղել։ Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ի նիստին հայտարարեց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ազդարարման համակարգին։

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 12-ի Ազգային ժողովի նիստին հետաքրքրվեց կառավարության ներկայացուցչից, թե ինչու չի գործում ազդարարման համակարգը։

Կառավարությունը քննարկման էր ներկայացրել «Ազդարարման համակարգի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը՝ առաջարկելով «կատարելագործել ու զարգացնել» համակարգը։ Նախագծով առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա։

«Մենք լավարկում ենք օրենք, որի գործելու հետ կապված խնդիրներ ունենք։ Օրենքն այնքան արդյունավետ չի գործում, որքան կցանկանայինք։ Խնդիրներ կան օրենքի հետ, հիմա ավելի ենք ընդլայնում դրա գործունեության ոլորտը՝ մասնավոր սեկտորի վրա ենք տարածում։ Հարց. քանի՞ ազդարարման դեպք ենք ունեցել, քանի՞ դեպք է հանգեցրել արդյունքի, արդյոք վերլուծե՞լ ենք պատճառները, թե ինչու այս համակարգն առանց լավարկելու չէր աշխատում»,- հետաքրքրվեց Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ «ունենք օրենք, ունենք նաև օրենքին չհամապատասխանող իրավիճակ»։

Կառավարության ներկայացուցիչը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, որը ներկայացնում էր նախագիծը, հայտնեց, թե կառավարությունը նաև ընդունել է հաղորդակցության ծրագիրը, որով «շատ լավ ազդարարվելու է այս ազդարարման համակարգի մասին»։

Նա դժվարացավ վիճակագրություն ներկայացնել՝ պտճառաբանելով, որ այդ պահին իր ձեռքում չեն տվյալները։

«Այդուամենայնիվ, երբ ես վիճակագրությունը բարձրաձայնեմ, այնպես չի, որ ընդհանրապես քրեական գործ չի հարուցվում ու դիմող չկա, ո՛չ, իրականում, կան այդ դեպքերը, իսկ լավարկում ենք, որպեսզի կարողանանք արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունը կատարենք»,- ասաց Թումանյանցը։

Վարդանյանը համաձայնեց, որ միջազգային պարտավորությունները պետք է կատարվեն, բայց նաև ավելացրեց՝ «շատ դեպքերում միջազգային պարտավորությունների քողի ներքո տեղի են ունենում գործընթացներ, երբ ըստ էության լուծումներ են տրվում, որոնք միջազգային պարտավորությունները չեն ընդունել»։

Ըստ Վարդանյանի՝ օրենքը չի գործում, որովհետև գուցե «քոփի փասթինգ» է եղել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կառավարության ներկայացուցչին առաջարկեց փոխել ազդարարման համակարգի մասին պաստառները. «Այդ հնամաշ պաստառները պետք է փոխել։ Նայում ես, չես ուզում ազդարարել»,- ասաց Սիմոնյանը։

Լուսանկարում՝ ազդարարման համակարգի վերաբերյալ պաստառներից մեկը

Մեկնաբանել