Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակել է Կարմիր շուկայի և Թաղավարդի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը շուրջ 30 րոպե կրակել է Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե»,- գրել է նա։

Կրակոցների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ․ «Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։ Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը»,- տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը։

Թաղավարդում ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

«Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Մեկնաբանել