Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Լուսանկարում՝ Սամարղանդ քաղաքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ին կմեկնի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: Տեկեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) եվրասիական քաղաքական, տնտեսական և անվտանգության միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից։ 2017-ին ՇՀԿ լիիրավ անդամներ են դարձել նաև Հնդկաստանը և Պակիստանը։

Բացի ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարներից, այս տարվա գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով կմասնակցեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Ըստ թուրքական Hurriyet-ի՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է Էրդողան-Պուտին հանդիպում։

ՍիվիլՆեթի հարցին, թե վարչապետի այցի ընթացքում ինչ հանդիպումներ են նախատեսված, կառավարությունից նշեցին․ «Այս պահին օրակարգը դեռևս հստակեցված չէ»։

Մեկնաբանել