Դավիթ Սաֆարյանը ցավալի պարտություն կրեց. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին մարզիկը` մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Աֆարյանը քառորդ եզրափակչում ցավալի պարտության կրեց Ղազախստանի ներկայացուցիչ Ակժուրեկ Տանատարովից և այժմ միայն մրցակցի եզրափակիչ դուրս գալու դեպքում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա:

Պարտությունը ոչ միայն ցավալի էր, այլև` կասկածելի: Առաջին 2 մրցափուլերում ըմբիշները մեկական հաղթանակ տարան, իսկ որոշիչ մրցափուլի վերջնամասում Սաֆարյանը հնարք կատարեց, որից հետո Տանատարովին թույլ տվեց 1 միավոր վաստակել և մրցավարները հաղթանակը շնորհեցին մեր մարզիկին: Սակայն մրցակցի մարզիչը բողոքարկեց, և մրցավարները մի քանի անգամ կրկնապատկերը դիտելուց հետո ղազախ ըմբիշին 1 միավորի փոխարեն շնորհեցին 2-ը, ինչը նշանակում է, որ կիսաեզրափակիչ դուրս եկավ հենց Տանատարովը: Եվ պատահական չէ, որ վերջում մեր մարզիկը հրաժարվեց ձեռքը տալ մրցավարին:

Հիշեցնենք, որ մեր մարզիկը 1/8 եզրափակչում պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ, սակայն մրցակիցը գորգ դուրս չեկավ և Դավիթն առանց պայքարի մտավ քառորդ եզրափակիչ:

Մեկնաբանել