Ադրբեջանում մինչև 50 տարեկան տղամարդկանց երկրից ելքի արգելքի մասին լուրերը անհիմն են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Մի շարք լրատվականներ և սոցցանցերի օգտատերեր սեպտեմբերի 12-ին տարածեցին տեղեկություն, թե Ադրբեջանը արգելել է մինչև 50 տարեկան տղամարդկանց ելքը երկրից։

Տեղեկությունը տարածել են hraparak.am, mamul.am, 7or.am, galatv.am, Irakanum.am, blognews.am, politik.am և այլ լրատվական կայքեր՝ հղում անելով ֆեյսբուքյան օգտատեր Վահե Գրիգորյանի հրապարակմանը, որում, սակայն, որևէ աղբյուր նշված չէր։

Այս տեղեկությունը կապվում է վերջին օրերին սահմանային լարվածության, Ադրբեջանի կողմից Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների գնդակոծման, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության հետ, որում վերջինս կոչ էր արել պատրաստ լինել պատասխանելու ցանկացած սադրանքի։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է տարածվող լուրը և ադրբեջանական աղբյուրները՝ փորձելով պարզել տարածվող տեղեկության հավաստիությունը։

Տեղեկության աղբյուրը լրատվամիջոցին «հասած տեղեկություններն» են

Թեև լրատվամիջոցների համար սկզբնաղբյուր հանդիսացած ֆեյսբուքյան օգտատերը չի հայտնել, թե որտեղից է իրեն հայտնի Ադրբեջանում ելքի արգելքի մասին տեղեկությունը, սակայն լուրի տարածման ժամանակագրությունը փաստում է, որ դրա իրական սկզբնաղբյուրը oragir.news լրատվական կայքն է, որն այդ մասին հայտնել էր Գրիգորյանից ժամեր առաջ։ Oragir.news-ն էլ, իր հերթին, հղում էր արել անանուն աղբյուրներից իրեն «հասած տեղեկություններին»։


Հատված լրատվամիջոցի հրապարակումից

Հատկանշական է, որ մի դեպքում խոսվում է Ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց, իսկ մյուս դեպքում՝ տղամարդկանց ելքի արգելքի մասին։

Ադրբեջանական աղբյուրներում՝ պետական կառույցների կայքերում, լրատվականներում և տելեգրամյան էջերում, երկրից դուրս գալու արգելքի մասին որևէ տեղեկություն չհաջողվեց գտնել։ Պետության կողմից քաղաքացիների ելքի արգելք սահմանելու դեպքում այդ հարցն առնվազն կքննարկվեր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։։
Ներկայում Ադրբեջանից ելքի և մուտքի արգելք իրոք կա, սակայն այն գործում է դեռևս 2020-ի ապրիլից։ Այն վերաբերում է բոլոր տարիքի ու սեռի քաղաքացիներին և միայն ցամաքային ճանապարհներով սահմանահատմանը․ օդային ուղևորափոխադրումը բաց են բոլոր քաղաքացիների համար։ Ադրբեջանի կառավարության 2022-ի օգոստոսի 23-ի որոշմամբ(հասնալի տարբերակ)՝ արգելքը գործելու է մինչև 2022-ի նոյեմբերի 1-ը և պայմանավորված է համաճարակային վիճակով։

Այսպիսով, փաստենք, որ տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանը արգելել է մինչև 50 տարեկան տղամարդկանց կամ անձանց ելքը երկրից, անհիմն է։ Համացանցի ադրբեջանական հատվածում այդ մասին չկան ոչ պաշտոնական, ոչ էլ որևէ այլ հիշատակումներ։

Մեկնաբանել