Բաքուն նոր ռազմական սրացմա՞ն է պատրաստվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում է հայկական կողմին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող այսօրինակ հայտարարությունները հետևողականորեն հերքվում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության կողմից:

Բաքուն նմանատիպ տեղեկատվական ակտիվություն սովորաբար ցուցաբերում է հերթական ռազմական սրացում նախաձեռնելուց առաջ: Լեռնային Ղարաբաղում օգոստոսյան էսկալացիան սկսելուց առաջ ևս Ադրբեջանը օրեր շարունակ հաղորդագրություններ էր տարածում` մեղադրելով հայկական կողմերին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ:

Մեկ այլ իրադարձություն, որը հուշում է այն մասին, որ Բաքուն նոր ռազմական սրացման է պատրաստվում, տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարությունում և հանձնարարել բանակին պատրաստ լինել սադրանքների կանխմանը: Այդ խորհրդակցության վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Խորհրդակցության ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության ժամանակավոր տեղակայման տարածքում օպերատիվ իրադրության և ընթացիկ իրավիճակի մանրամասն վերլուծություն է անցկացվել: Հատուկ ընդգծելով լարվածությունը, որը կարող է ի հայտ գալ վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերի կողմից Քելբաջարի ու Լաչինի ուղղություններով ադրբեջանական բանակի դիրքերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում, պաշտպանության նախարարը հրամայել է պատրաստ լինել բոլոր հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխարգելմանը»:

Հատկանշական է, որ Հասանովի մասնակցությամբ նմանատիպ խորհրդակցություն տեղի էր ունեցել նաև օգոստոսյան սրացումից առաջ, որից հետո տարածվել էր գրեթե նույն բովանդակությամբ հաղորդագրություն: Այդ առումով հետաքրքական է, որ Բաքուն չի փորձում քողարկել սեփական գործողությունները:

Ադրբեջանական նոր ռազմական սադրանքի հավանականությունը բարձրացնող արտաքին գործոններ ևս գոյություն ունեն:

Այդպիսի առաջին կարևոր գործոնը Ռուսաստանի անհաջողություններն են ուկրաինական ճակատում: Վերջին օրերի ընթացքում ուկրաինական բանակը հակահարձակման էր անցել Խարկովի շրջանում և վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերի նկատմամբ: Ռուսական բանակի ստորաբաժանումները օրեր շարունակ անկանոն կերպով նահանջում էին` մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա:

Ռուսաստանի այս խոշոր պարտությունը Ուկրաինայում կարող է ոչ միայն բարձրացնել ադրբեջանական նոր սադրանքի հավանականությունը, այլև ազդել նոր էսկալացիայի մասշտաբի վրա: Ռուսաստանի ռազմական անհաջողությունների ֆոնին Բաքուն կարող է հակված լինել ավելի լուրջ սրացման գնալ` շոշափելով Մոսկվայի կարմիր գծերը մեր տարածաշրջանում:

Ռազմական նոր սրացման հավանականությունը բարձրացնող երկրորդ արտաքին գործոնը ևս կապված է Ռուսաստանի հետ: Ինչպես բազմիցս նշվել է` ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցների պատճառով զգալիորեն մեծացել է Ադրբեջանի նշանակությունը Մոսկվայի համար: Այս փուլում Ռուսաստանը փորձում է այլընտրանքային շուկաներ գտնել սեփական արտադրանքի համար: Վերջին շրջանում ակտիվ աշխատանք է տարվում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ակտիվացման ուղղությամբ: Այն անցնում է նաև Ադրբեջանի տարածքով և Ռուսաստանը Հնդկաստանի հետ կապող կարևոր ուղի է:

Սեպտեմբերի 9-ին Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրվել է «Հյուսիս-Հարավ» միջանցքը զարգացնելու վերաբերյալ հռչակագիր: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում այս զարգացումները Բաքվի պահվածքը ավելի սանձարձակ են դարձնում: Ակնհայտ է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադբեջանական պետական սահմանին պարբերաբար տեղի ունեցող սրացումների պատճառով Ադրբեջանի հետ ուղիղ դիմակայության մեջ մտնելու ցանկություն, իսկ այս փուլում` միգուցե նաև հնարավորություն չունի:

Այս բոլոր զարգացումները հուշում են, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական սրացման հավանականությունը բավական բարձր է: Ադրբեջանը սովորաբար օգտագործում է այս սրացումները պրակտիկ արդյունքներ ձեռք բերելու համար: Եթե օգոստոսյան սրացման նպատակը Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու գործարկումն ու Բերձոր և Աղավնո բնակավայրերի նկատմամբ վերահսկողության հաստատումն էր, ապա այս նոր հնարավոր էսկալացիայի հիմնական նպատակը, ամենայն հավանականությամբ, Պաշտպանության բանակի առնվազն մասնակի զինաթափումն է լինելու:

Խոսքը, մասնավորապես, գնում է Արցախից Պաշտպանության բանակի ծանր ռազմական տեխնիկայի դուրս բերման մասին: Ադրբեջանական կողմը նման պահանջ է դրել Ստեփանակերտի և Երևանի առաջ ու փորձելու է նաև ռազմական ճնշման միջոցով հասնել դրա կատարմանը:

Ստեղված իրավիճակում Հայաստանը պետք է ակտիվացնի բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և նոր ռազմական սրացումը կանխելու համար: Ակնհայտ է նաև, որ Երևանի նկատմամբ այս ուժային ճնշման մարտավարությունը չեզոքացնելու միակ միջոցը Հայաստանի զինված ուժերի ու Արցախի պաշտպանության բանակի կարողությունների վերականգնումն է: Այս փուլում այդ ուղղությամբ առարկայական գործողություններ չեն երևում: