ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը հրետակոծում է Ջերմուկի, Գորիսի, Սոթքի դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին մոտ և կեսգիշերն անց Ադրբեջանը հրետակոծել է Գորիսի, Ջերմուկի և Սոթքի ուղղությամբ։ ՍիվիլՆեթը հետևում է իրադարձությունների զարգացմանը թարմացվող լուրերով։

04։40

Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

04։25

Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան տեսահեռարձակմամբ հաղորդել է, որը ժամը 4-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտերը շարունակվում են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- հայտարարել է ՊՆ խոսնակը։

03։58

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։

03:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

03։20

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է իր կողմից հարձակումը, ընդգծում Ղարաբաղում հայկական զինված ուժերի առկայությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով «Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման մասին հայկական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվող լուրերը»։

«Տարածաշրջանում ագրեսոր և օկուպանտ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Ադրբեջանի՝ ղարաբաղյան տնտեսական գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի առկայությունը շարունակվում է առ այսօր։ Ադրբեջանական բանակը, ի պատասխան Հայաստանի սադրանքի, իրականացնում է լոկալ հակաքայլեր և վնասազերծում կրակակետերը»։

03։07

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, հայտարարել է ՊՆ խոսնակը։ Տվյալները ճշտվում են։

02։53

Գորիսում հրետակոծության ձայները նվազել են, հաղորդում է ՍիվիլՆեթի տեղի թղթակիցը։

02։46

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։ Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին։

02:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:

02։19

Տելեգրամյան որոշ ալիքներ հաղորդում են, որ Ջերմուկ քաղաքի հրետակոծության ժամանակ ադրբեջանական զինուժը խոցել է ճոպանուղին։

02։16

Գորիսում քաղաքը արթուն է, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը։ Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյունների ձայները։

Գորիս

02:12

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի նախկին ղեկավար Արարատ Օրդյանն Infocom-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ արդեն մոտ 15-20 րոպե է՝ հակառակորդը հարվածներ է հասցնում նաեւ Վերիշենի ուղղությամբ։ Օրդյանն ասել է, որ կիրառվում են նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ նրա՝ հակառակորդը կրակ է բացել նաեւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

01։56

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը

«Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։

01:49

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»։

01:28

ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքում լսվում են հրետակոծության ձայները։

01։08

Հայաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

01։04

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական էսկալացիայի, և այս անգամ թիրախը, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանի սահմանը։

00:59

ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը հաղորդում է, որ իր տեղեկություններով՝ հրետանի է աշխատում, քաղաքին արկ չի հասել, սակայն մերձակա դաշտերում հրետակոծության պատճառով հրդեհ է բռնկվել։

Մեկնաբանել