Ռաուլը կրկին ավագ է

Ռաուլ Գոնսալեսին ընդամենը երկու խաղ պահանջվեց, որպեսզի նոր ակումբում դառնա թիմի ավագ: Իսպանացի հարձակվողն, ով ներկայում խաղում է արաբական «Ալ-Սադում», ուրբաթ օրը «Ալ-Արաբի» թիմի դեմ «Շեյխ Յասիմի գավաթի» խաղի ժամանակ դաշտ դուրս եկավ ավագի թևկապով: Այդ խաղում Ռաուլը դարձավ գոլի հեղինակ ու մեծ ավանդ ունեցավ թիմի հաղթանակի մեջ, տեղեկացնում է Marca-ն:

«Ալ-Սադի» խաղացողները նշել են, որ Ռաուլի հետ թիմային խաղը փայլում է նոր գույներով, իսկ իրենք ավելի վստահ են զգում՝ գործելով նման վարպետի կողքին: Նույն կարծիքին է նաև «Ալ-Սադի» մարոկացի գլխավոր մարզիչ Հուսեյն Ամոուտան, ով նշել է, որ առաջին իսկ խաղերից Ռաուլը Քաթարում իր վրա ստանձնեց առաջատարի դերը: Այս գովաբանություններից հետո «Ալ Արաբիի» դեմ խաղից առաջ «Ալ-Սադի» վետերաններից մեկը՝ Աբդուլա Կոնին, կողմ է արտահայտվել, որ ավագի թևկապը վստահվի հենց լեգենդար իսպանացուն:

Ինչ վերաբերվում է հենց նշված խաղին, ապա Ռաուլի թիմը շատ արագ բացեց խաղի հաշիվը: 7-րդ րոպեին Աբդ Ալ-Քարիմը գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը: 12-րդ րոպեին «Ռեալի» նախկին հարձակվողն ու խորհրդանիշը կրկնապատկեց հաշիվը՝ եզրափակելով անկյունայինից կատարված փոխանցումը: 11 րոպե անց Հալֆանը 11-մետրանոցից սահմանեց վերջնական հաշիվը՝ 3-0:

Խաղից հետ Ռաուլը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց.«Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, իսկ ես օգնեցի թիմիս դուրս գալ մի շատ կարևոր մրցաշարի եզրափակիչ: Ես հենց նրա համար էլ եկել եմ այստեղ, որ կարողանանք ամեն խաղում պայքարել հաղթանակի համար»:

Օգոստոսի 14-ին «Ալ-Սադի» մարզադաշտում կկայանա «Շեյխ Յասմանի գավաթի» եզրափակիչ խաղը, որտեղ Ռաուլի թիմի մրցակիցը կլինի «Ալ- Ռայանը», որի կազմում ժամանակին հանդես է եկել «Ռեալի» մեկ այլ լեգենդար խաղացող՝ Ֆերնանդո Հիերոն:

Մեկնաբանել