Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: