Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի ԱԳՆ ներակայացուցիչն ընդգծել է երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Նա հայտնել է, որ Իրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Քանանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։