Ինչու է Ադրբեջանը դիմել ագրեսիայի․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում ելույթի ժամանակ ներկայացրեց, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա ձեռնարկել։ Նրա խոսքով՝ «այս լարումն ունի համատեքստ»։

Առաջինը, ըստ Փաշինյանի՝ կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ։ Նա հիշեցրեց, որ 2022-ի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հինգ առաջարկություններ և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր։

«Այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն և այդ հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- ասաց նա։

Վարչապետը ընդգծեց, որ հայկական կողմի ներկայացրած սկզբունքներից մեկը վերաբերում էր ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին․ «Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է՝ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշմամբ Ղարաբաղի հարցը լուծված է»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։

Նրա համոզմամբ՝ սահմանային լարման պատճառներից մյուսը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։

«Մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, օրինակ, որ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։ Ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ՝ Ադրբեջանը, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, արդյո՞ք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք կամ 2021-ի մայիսի 12-ի գործողությունների արդյունքում, կամ Առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Այս հարցը, համենայն դեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում»,- նշեց վարչապետը։

Հաջորդ խնդիրը տարածաշրջանի ապաշրջափակման թեման է, որի դեպքում Ադրբեջանը՝ «այլակերպելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը», խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին։

«Մեր դիրքորորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը՝ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանք տրամադրել, բայց մենք ընդունում ենք, նույնիսկ՝ շահագրգռված ենք Հայաստանի տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը, այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։

Մեկնաբանել