Ադրբեջանը փորձում է առաջխաղացում ունենալ 4 ուղղություններով. ՊՆ

Ժամը 14-ի դրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Քիչ առաջ այդ մասին հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Չնայած հրետակոծության ինտենսիվության թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերը «շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները»։

Թորոսյանը հավելեց, որ զոհերի և վիրավորների վերաբերյալ այս պահին ճշգրտում է իրականացվում, որի մասին լրացուցիչ կհայտնեն։

«Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան»։

Նրա խոսքով՝ ՊՆ-ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը կապված հայ զինծառայողների հետ, դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։

Հաղորդվում է, որ նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետագա զարգացումներ վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

Մեկնաբանել