Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։

Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ: