Ֆիլիպ Ռիկերը Բաքվում է, Իգոր Խովաևը՝ Երևանում

Ձախից աջ՝ Ռիկերը և Խովաևը

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 13-14-ին այցելում է Բաքու, հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպան Ռիկերը քննարկելու է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությանը միտված դիվանագիտական ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։

Ֆիլիպ Ռիկերը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։

Սեպտեմբերի 8-10-ը նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում, որից հետո մեկնել է Թբիլիսի։ Սեպտեմբերի 12-ին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ռիկերը, հնարավոր է, չմեկնի Բաքու։

Ռիկերի՝ Բաքու այցի նույն օրը Երևանում կայացել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։

«Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Օրեր առաջ Ռիկերի երևանյան այցին զուգահեռ Իգոր Խովաևը հանդիպումներ էր անցկացնում Բաքվում։

Մեկնաբանել