Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանական հարձակման վերաբերյալ» հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանը 65 կողմ ձայներով ընդունեց «Ադրբեջանական հարձակման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ Այդ տեքստով ներկայացվում էր ստեղծված իրավիճակը, ինչպես նաև քաղաքական ուժերին կոչ էր արվում պահպանել համերաշխություն։

«Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում՝ պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։ Միջազգային հանրության կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտման»,- նշված է հայտարարության տեքստում։ Խորհրդարանը կոչով դիմել է նաև ՀԱՊԿ-ին։

«Հայաստան» խմբակցությունը առաջարկել էր հայտարարության նախագծում ներառել հետևյալ կետերը, որոնք չեն ընդունվել իշխող ուժի կողմից.

«Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։

Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։

Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում»։

Հայտարարության տեքստի հրապարակումից հետո իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։

Մեկնաբանել